Armenian text to speach

Պուտինը պատմել է Սի Ծինփինի հետ ունեցած զրույցի մասին․ Չինաստանն ու Ռուսաստանը՝ բազմաբևեռ աշխարհի ձևավորման կողմնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր հանդիպումից առաջ ունեցել է բովանդակալից զրույց, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների գիտակրթական համագործակցությանը։

Այս մասին Պուտինը հայտնել է նոյեմբերի 18-ին՝ Շենժենում, Մոսկվայի պետական համալսարանի և Պեկինի պոլիտեխնիկական համալսարանի համատեղ համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ։

«Մեր հանդիպումից անմիջապես առաջ տեղի ունեցավ բովանդակալից զրույց իմ լավ բարեկամի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում կողմերն արձանագրել են, որ գիտակրթական համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման գործում։

Իր հերթին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է նպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը։

«Կարևոր է պահպանել գործնական աշխատանքի տրամադրվածությունը, շարունակել համառորեն աշխատել, գործուն քայլերով խորացնել բազմակողմ համագործակցությունը և հաստատակամորեն կրել խոշոր տերությունների վրա դրված պատասխանատվությունը, նպաստել բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը»,- ասել է Սի Ծինփինը։

Նշենք, որ Պուտինը նոյեմբերի 18-ին ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 33-րդ գագաթնաժողովին։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս