Երևանի Ֆիրդուսի փողոցի բնակիչները կրկին փողոցում են․ նոյեմբերի 17-ին նրանք ԱԺ-ի դիմաց պահանջում էին համարժեք փոխհատուցում՝ իրենց գույքի դիմաց։ Իսկ ո՞ւր են տանում կառուցապատողների կապերը։
Դեռ 2020-ին այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ղեկավարող Վարագ Սիսեռյանը հայտարարել էր՝ Ֆիրդուսիի 19 լոտերը բաժանվել են մեկ անձի հիմնադրած տարբեր ընկերությունների միջև։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ կառուցապատման գործընթացում առանցքային դեր է ունեցել «Գլենդել Հիլզ»-ի նախկին տնօրեն, «Դիանար»-ի ղեկավար ու բաժնետեր Էդուարդ Մելիքյանը։ Նրա բիզնես կապերը հասնում են նաև Ավինյանի մտերիմ Ստեփան Մարգարյանին, ով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քրոջ՝ Նուարդ Վարդանյանի ամուսինն է։
Ականջ ծամելու իր ագրեսիվ արտահայտությամբ հայտնի դարձած Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը կանեփի բիզնեսի սեփականատերից է:
Հիշեցնենք՝ 2021-ին կառավարությունը հավանություն տվեց արդյունաբերական կանեփի օրինականացման նախագծերին, որոնք մշակել էր Ավինյանի գրասենյակը։ Ընդամենը երկու աշխատանքային օր անց հիմնադրվեց «Գրոուար»-ը։ Ներկայացված տվյալներով՝ ավագանու անդամի ամուսնուն՝ Ստեփան Մարգարյանին է պատկանում բաժնետոմսերի 45 տոկոսը, Մելիքյանին՝ 22,5 տոկոսը։
Ահա այսպես խաչվում են Ֆիրդուսիի կառուցապատման, իշխանական շրջապատի ու կանեփի բիզնեսի շահերը։ Իսկ բնակիչները բողոքում են՝ իրենց առաջարկվող փոխհատուցումը նույնիսկ քառակուսի մետրի համար հազար դոլարի չի հասնում։ Կոպեկներով հող են վերցրել, միլիարդներ են աշխատում:
Եւ այստեղ հարց է առաջանում, ո՞ւմ շահն է գերակա՝ բնակչի՞, թե՞ իշխանության հետ կապեր ունեցող գործարարների։
Մանրամասները՝ տեսանյութում․




























