Հայաստանի և Օմանի միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջը փոխադարձաբար վերացնելու հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 19-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև համապատասխան համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության հարցը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձաբար ազատել մուտքի վիզայի պահանջից՝ մյուս երկրի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և երկրից դուրս գալու համար։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացմամբ՝ համաձայնագրի կնքումը կնպաստի Օմանի հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանը։
Նախարարությունը նշում է, որ նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրից, որով նախատեսվում է զարգացնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ, ինչպես նաև նոր հարաբերություններ հաստատել այդ տարածաշրջանների պետությունների հետ։
Նշենք, որ հարցը կառավարության նիստում քննարկվելու է համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության տեսանկյունից։ Այսինքն՝ խոսքը դեռևս համաձայնագրի ստորագրման և ուժի մեջ մտնելու մասին չէ։
Անի Վարդանյան




























