Armenian text to speach

Ալիմենտի բռնագանձման հարցում նոր հնարավորություններ․ կառավարությունը կքննարկի ԱՊՀ երկրների հետ իրավական համագործակցության ընդլայնումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անչափահասների օգտին ալիմենտի բռնագանձման վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարումն ավելի արդյունավետ դարձնելու հարցը կառավարության առաջիկա նիստում քննարկման կդրվի։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 19-ին կայանալիք կառավարության նիստում կքննարկվի 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման նպատակահարմարության հարցը։ Հարցը զեկուցելու է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ արձանագրության նպատակն է ընդլայնել կոնվենցիայի մասնակից պետությունների միջև իրավական համագործակցության հնարավորությունները, կատարելագործել գործող կարգավորումները և ապահովել դրանց առավել արդյունավետ կիրառումը։

Մասնավորապես, նախատեսվող փոփոխություններով կընդլայնվի իրավական օգնության շրջանակը՝ հնարավորություն ստեղծելով անչափահասների օգտին ալիմենտի բռնագանձման վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու համար։

Արձանագրությամբ նախատեսվում է նաև Կոնվենցիայում կիրառվող առանձին տերմինները համապատասխանեցնել մասնակից պետությունների գործող օրենսդրությանը, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ և լրացումներ։

Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ արձանագրության վավերացումը կնպաստի դատական ակտերի ճանաչման և կատարման ոլորտում իրավական համագործակցության ընդլայնմանը, իրավական օգնության հարցումների կատարման ընթացակարգերի հստակեցմանը և մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև կապերի ամրապնդմանը։

ArmLur.am-ը նաև պարզեց, որ այս պահին արձանագրությունը վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այն դեռևս չեն վավերացրել Հայաստանը, Ադրբեջանն ու Ուզբեկստանը։

Նախարարության գնահատմամբ՝ արձանագրության վավերացումը հատկապես կարևոր է անչափահասների՝ ալիմենտ ստանալու իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության տեսանկյունից։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս