ՈՍԿՈՒ ՀԱՆՔՈՒՄ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գոյություն ունեցող Սոթքի ոսկու հանքում բառի բուն իմաստով անտերություն է: Այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանությունը ձերբակալեց  ոսկու 7 հանքափորներին, այնտեղ տիրող  իրավիճակի մասին ի հայտ եկան նոր տեղեկություններ:
Ոստիկանության կատարած «հերոսական» աշխատանքից հետո պարզվեց, որ այդ խմբերը, որոնք հանքում ոսկի են փնտրում, հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ամբողջ Վարդենիսը խոսում է այն մասին, որ «չղջիկների» «տանիքը» ոչ թե մեկ հոգի է, այլ բազմաթիվ հայտնի դեմքեր: Այժմ մոտ 35 խումբ է հայտնի, որոնք լրջորեն զբաղված են այդ գործունեությամբ: Ոստիկանության կողմից սա առաջին քայլն էր, որ ձերբակալեց այդ խմբերից մեկին, եղել են դեպքեր, երբ ոստիկանությունը եկել, «հավաքել», տարել է այդ խմբերին, բայց հետո բաց է թողել: Պարզվում է` վերջին ձերբակալված խումբը հայտնի ղեկավար ունի, որն անգամ դատապարտվել է նույն գործունեության համար: Խմբի ղեկավար համարվող Տարոն Հովհաննիսյանը դատապարտվել է ազատազրկման, սակայն պարզ է, թե ինչպես եւ ում միջոցով է կրկին հայտնվել ազատության մեջ: Նրա նկատմամբ թեեւ համաներում կիրառելու իրավունք չկար, բայց կիրառվել է:
Ինչեւէ, մենք երեկ տեղեկացրել էինք, որ Վարդենիսի բնակիչներից շատերը վստահեցնում են, թե խմբերի «պարագլուխը» Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է, բայց վերջինս հերքեց այդ ամենը: Երեկ այս լուրը հերքեցին նաեւ ոստիկանությունից: Միաժամանակ, մենք տեղեկություններ ստացանք, որ «չղջիկների» գործունեության հովանավորները ժամանակ առ ժամանակ փոխվել են, եղել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քրեական հեղինակություններ. անմեղության կանխավարկածից ելնելով` առայժմ չենք նշում նրանց անունները: Իսկ երեկ մեզ զանգահարած վարդենիսցիները հավաստիացրին, որ այդ խմբերից մեկի «տանիքը» ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է եղել: Վերջինից պարզաբանումներ ստանալու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին. նա  համառորեն չէր  պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Մի քանի խոսքով ներկայացնենք նաեւ, թե ովքեր են այդ «չղջիկները». նրանք այն մարդիկ են, որոնք չունեն աշխատանք եւ գտել են ապրելու այսպիսի միջոց. իրենց բնակավայրի կողքին գտնվող հանքից հանքանյութ են հանում` վտանգելով իրենց կյանքը, այն տեղափոխում են իրենց տուն, մանրացնում, լցնում են «կիսլատայի» մեջ, որից թունավոր արտանետումներ են լինում (դեղին ծուխ է դուրս գալիս), ապա հեղուկի վրա է դուրս գալիս սպասված ոսկու ձուլվածքը, ինչն էլ վաճառում եւ ապրում են:
Ըստ վարդենիսցիների` «չղջիկներն»  իրենց աշխատանքով մշտապես լավ են «նայել» տեղի ոստիկաններին, ազգային անվտանգությանը եւ այլ գերատեսչությունների: Ու փաստորեն, նոր ոստիկանապետը սկսած ձերբակալություններով փորձում է դրսեւորվել: Ի դեպ, նշենք, որ Վարդենիսի նախկին ոստիկանապետ Սամվել Գալստյանը եւս այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո «արշավ» սկսեց «չղջիկների» դեմ, սակայն որոշ ժամանակ հետո լռեց:
Հիմա մի կողմ թողնենք հարցի սոցիալական կողմը եւ ներկայացնենք խնդիրը  բնապահպանական տեսանկյունից: Վարդենիսի օդն իսկապես շատ ծանր է, քանի որ «չղջիկների» մոտ 35 խմբերն իրենց բակերում կատարվող «վերամշակման» գործընթացի արդյունքում հաճախ թունավորում են օդը եւ հատկապես գիշերվա ժամերին հանգիստ կարելի է հասկանալ, թե ովքեր են «ոսկու գործով» զբաղվում: Փաստ է նաեւ, որ Վարդենիսում մահացության թիվն ավելի մեծ է, քան ծնելիությանը, այստեղ բնակչության մեծամասնությունը հիվանդ է, էականորեն ավելացել են նաեւ ինֆարկտի դեպքերը, ինչն անմիջական կապ ունի մթնոլորտի աղտոտվածության հետ:
Սոթքի ոսկու հանքը մի քանի անգամ տարբեր սեփականատերեր է ունեցել, որոնք տարիների ընթացքում 0 դրամ հարկ են վճարել, ինչը պաշտոնապես ներկայացրեց նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը: Նշենք, որ ոսկու հանքը իբրեւ թե հսկում են վրացի թիկնապահները, սակայն Քելբաջարի հատվածն անտերության է մատնված. այն ոչ մեկի սեփականությունը չէ, դրա համար էլ «չղջիկները» փորում են: Հանքափորների վերջին խումբը մոտ 1,5 կմ-անոց թունել էր փորել, ինչը, սակայն, տարօրինակ կերպով ոչ մեկի ուշադրության կենտրոնում չէր հայտնվել: Նշենք, որ թունելը կարող է յուրաքանչյուր պահի փլվել, քանի որ շատ են «ծակծկել»: Իսկ ոսկու հանքում գրանցված մահվան դեպքեր Վարդենիսում հաճախ են եղել:
«Ժողովուրդ»-ը, ուսումնասիրելով այդ հանքի պատմությունը, բացահայտեց, որ խորհրդային տարիներին գործարկվող փակ հանքն այժմ բաց է շահագործվում` հաշվի չառնելով շրջակա միջավայրին հասցվող ահռելի եւ անուղղելի վնասները: Ցավալի է, բայց փաստ, որ ՀՀ ղեկավարությունը երբեւիցե չի անհանգստանում այս խնդրի համար, հանքը տվել է օտարերկրյա ընկերությանն ու  անտարբեր վայելում է կյանքը:  
Իսկ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը հայհոյանքներ տալու փոխարն լավ կլինի, որ մտածի իր քաղաքի բնակչության անվտանգության մասին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս