Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական եռակողմ հանդիպում Չինաստանում․ երեք առաջնորդներն ընդունել են Խաղաղության հռչակագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-19-ին Չինաստանի Շենժեն քաղաքը դարձավ համաշխարհային քաղաքականության ուշադրության կենտրոնը։ Այստեղ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Նոյեմբերի 18-ին առաջնորդները մասնակցեցին ընդունելության միջոցառումներին, իսկ նոյեմբերի 19-ին կայացավ նրանց առաջին պաշտոնական եռակողմ հանդիպումը։

Հանդիպումը պատմական է նրանով, որ աշխարհի երեք խոշոր միջուկային տերությունների առաջնորդներն առաջին անգամ բանակցեցին եռակողմ ձևաչափով։ Այն տեղի ունեցավ միջազգային լարվածության, Ուկրաինայի և Իրանի պատերազմների, ԱՄՆ-Չինաստան առևտրային տարաձայնությունների և միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ քննարկումների ֆոնին։

Չինաստանը հանդիպմանը մեծ ուշադրություն էր հատկացրել նաև արարողակարգային առումով։ Նոյեմբերի 18-ին Թրամփի ինքնաթիռի՝ Շենժենի օդանավակայան ժամանելուն պես նրան անձամբ դիմավորել է Սի Ծինփինը։ Սա Չինաստանի ղեկավարի կողմից օտարերկրյա առաջնորդին օդանավակայանում անձամբ դիմավորելու անսովոր քայլ էր՝ վերջին տասնամյակների համար։ Երկու նախագահները ողջունել են միմյանց, գրկախառնվել , որը նույնպես բնորոշ չէ չինացիներին և կարմիր գորգով անցել՝ ուղղվելով դեպի պաշտոնական ավտոշարասյունները։

Պուտինին օդանավակայանում դիմավորել է Չինաստանի ղեկավարի մերձավոր պաշտոնյաներից մեկը՝ Ցայ Ցին։ Նույն օրը երեք առաջնորդները հանդիպել են APEC-ի մասնակիցների ընդունելության ժամանակ, որտեղ Թրամփն ու Պուտինը ձեռքսեղմում են ունեցել և կարճ զրուցել՝ Սի Ծինփինի ներկայությամբ։ Նրանք նաև մասնակցել են համատեղ լուսանկարմանը։

Նոյեմբերի 19-ին կայացած եռակողմ բանակցությունների սկզբում Թրամփը հայտարարել է, որ երեք երկրներն աշխարհում միջուկային զենքի ամենամեծ պաշարներն ունեցող պետություններն են, ուստի կարող են կարևոր դեր ունենալ միջուկային զինաթափման հարցում։ Նա հանդիպումն անվանել է պատմական՝ ընդգծելով, որ առաջնորդները պատասխանատվություն ունեն գլոբալ խնդիրների լուծման համար։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են կառուցողական համագործակցությամբ նպաստել միջազգային կայունությանը։ Նա հատուկ ընդգծել է Ուկրաինայի հարցը՝ նշելով, որ այդ ուղղությամբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր շահեր ունեն։ Ռուսաստանի նախագահը նաև առաջարկել է քննարկել տարածաշրջանային խնդիրներն ու էներգետիկ անվտանգությունը։

Սի Ծինփինն իր հերթին կոչ է արել երեք երկրներին հրաժարվել Սառը պատերազմի մտածելակերպից, հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չհատել զգայուն հարցերում միմյանց կարմիր գծերը։ Նա հատուկ անդրադարձել է Թայվանի հարցին՝ ԱՄՆ-ին կոչ անելով զգուշավոր դիրքորոշում ցուցաբերել։

Չինաստանի նախագահը նաև կարևորել է էներգետիկ մատակարարման շղթաների կայունությունը և միջուկային զենքի ամբողջական արգելման ու ոչնչացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ միջուկային պատերազմը հաղթել հնարավոր չէ, և այն չպետք է տեղի ունենա։

Թրամփն իր ելույթում անդրադարձել է նաև Միջազգային քրեական դատարանին՝ այն քննադատելով և հայտնելով, որ ցանկանում է Ռուսաստանի ու Չինաստանի աջակցությունը ստանալ այդ կառույցի դեմ իր դիրքորոշման հարցում։

Հրապարակային ելույթներից հետո առաջնորդները շարունակել են բանակցությունները փակ դռների հետևում։ Չինաստանի նախագահը անձամբ է ուղեկցել Վլադիմիր Պուտինին մինչև մեքենայի մոտ , իսկ Թրամփը ավելի շուտ էր հեռացել։

Հանդիպումից հետո Կրեմլը հրապարակել է երեք երկրների ղեկավարների ընդունած Խաղաղության հռչակագիրը։ Կողմերը պայմանավորվել են աջակցել ՄԱԿ-ի բարեփոխումներին, ընդլայնել վերամշակված նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը, հարգել պետական պաշտոնյաների անձեռնմխելիությունը և թույլ չտալ Միջազգային քրեական դատարանի լիազորությունների չարաշահում։ Նրանք նաև համաձայնել են երկխոսություն վարել միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածումը կանխելու շուրջ՝ վերահաստատելով, որ միջուկային պատերազմը երբեք չպետք է տեղի ունենա։

Այսպիսով, Շենժենի հանդիպումը կարևոր էր ոչ միայն երեք գերտերությունների առաջնորդների առաջին եռակողմ բանակցությունների, այլև այն ուղերձների պատճառով, որոնք նրանք հղեցին միջազգային հանրությանը՝ միջուկային անվտանգության, պատերազմների, տնտեսական համագործակցության և աշխարհաքաղաքական հարաբերությունների վերաբերյալ։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս