Թուրքիայի արտգոործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում 2027-ի կրթության բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Հարավային Կովկասի հարցին։ Այդ մասին հայտնում է «Region Monitor»-ը։
Ֆիդանը, նշելով, որ Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը շարունակվում են,ասել է. «Ադրբեջանի հետ համակարգված կերպով իրականացվող՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը ամրապնդել է տարածաշրջանում երկար սպասված մշտական խաղաղության հաստատման հույսերը։ Այս համատեքստում մենք գոհունակությամբ ենք ընդունում նաև Հայաստանի՝ մեր երկրի և Ադրբեջանի նկատմամբ խաղաղասիրական ու կառուցողական մոտեցումը»։
Ըստ Ֆիդանի՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով առանձնահատուկ կապեր ունեցող Ադրբեջանի հետ Թուրքիայի ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության ապահովման շարժիչ ուժ են։
«Այս համատեքստում մենք շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները՝ նպաստելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասը վերածվի մի տարածաշրջանի, որը հիշատակվում է ոչ թե «սառեցված հակամարտություններով», այլ «կայունության և բարգավաճման տեսլականով»։




























