Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց Ուկրաինայի մասնակցության անձնական հանդիպումը՝ այն սխալ համարելով։
NBC News-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը բավարար տնտեսական լծակներ ունեն Պուտինին պատերազմը դադարեցնել ստիպելու համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Պեկինի կողմից Ռուսաստանի նկատմամբ համակարգված պատժամիջոցների և առևտրային սահմանափակումների կիրառումը կարող է հանգեցնել հրադադարի։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի և Եվրոպայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն նրանց մասնակցությամբ։ Նա նաև մերժել է Կրեմլի՝ ռուսախոս բնակչությանը պաշտպանելու պատճառաբանությունը՝ նշելով, որ Ռուսաստանը շարունակում է հարվածել նաև ռուսալեզու համայնքներով բնակեցված ուկրաինական քաղաքներին։
Հարցազրույցում Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև իր դեմ հնարավոր մահափորձերին։ Նա չի բացառել նման վտանգը, սակայն նշել է, որ չի կարող իր կյանքը կազմակերպել՝ մշտապես կենտրոնանալով այդ սպառնալիքների վրա։ Զելենսկու խոսքով՝ ինքը շարունակելու է կատարել նախագահի իր պարտականությունները և պայքարել Ուկրաինայի ազատության համար։




























