Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայում կռվող ռուս զինվորներն ավելի շատ կարեկցանքի են արժանի։ «Նյու Յորք Թայմս»-ի միջոցառմանը տված հարցազրույցում նա նշել է, որ կարեկցանք պետք է ցուցաբերել ոչ միայն զոհվող ուկրաինացի, այլև զորակոչված և ռազմաճակատ ուղարկված ռուս զինվորների նկատմամբ։
Մասկը նշել է, որ Ռուսաստանն ագրեսոր է, սակայն քննադատել է «Ուկրաինան լավն է, Ռուսաստանը՝ վատը» մոտեցումը։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն մասնակցել է 2014 թվականին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունից հեռացմանը։
Անդրադառնալով Starlink-ին՝ Մասկը նշել է, որ Ուկրաինային հասանելիությունը տրամադրվում է միայն քաղաքացիական նպատակներով, իսկ հարձակողական գործողությունների համար անհրաժեշտ է ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող Starshield ռազմական համակարգը։ Նա նաև հերքել է Զելենսկու՝ Starshield-ին հասանելիություն ունենալու մասին հնարավոր պնդումները։
























































































