Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան չի սկսել պատերազմն Ուկրաինայի դեմ, այլ փորձում է այն ավարտել։ Նա մեղադրել է Կիևին խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը խոչընդոտելու և ընտրություններից խուսափելու մեջ՝ պնդելով, որ Ուկրաինայի իշխանությունները վախենում են կորցնել իշխանությունը։
Նոյեմբերի 19-ին Չինաստանում լրագրողների հետ զրույցում Պուտինը պատերազմի սկիզբը կապել է 2014 թվականի «Արժանապատվության հեղափոխության» և Դոնբասում հետագա ռազմական գործողությունների հետ։ Նա, սակայն, չի անդրադարձել Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացմանն ու 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա լայնածավալ ներխուժմանը։
Պուտինը նաև պնդել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել, եթե Ուկրաինան և նրա արևմտյան գործընկերներն ընդունեն ռազմաճակատում ստեղծված իրողությունները։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա վերջին հարվածներից հետո Մոսկվան չի բանակցի հրադադարի շուրջ՝ սպառնալով Ուկրաինային ավելի ցավոտ պատասխանով։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կամուրջը կվերականգնվի, իսկ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին չեն հասցրել այնպիսի վնաս, ինչպիսին, նրա պնդմամբ, Մոսկվայի պատասխան գործողություններն են պատճառել Ուկրաինային։




























