ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՄՈՒԹ» ԳՈՐԾԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի քաղաքապետի՝ գազի գողության մասին նախօրեին «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունն ակտիվացրել է մեր ընթերցողներին. վերջիններս զանգահարում են մեր խմբագրություն եւ ներկայացնում  իրենց քաղաքապետերի հետ կապված գողության պատմությունները: Պարզվում է` Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը  եւս էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի պարտքեր է ունեցել, սակայն այդ ամենից «չոր» է դուրս եկել:
Մեր տեղեկությունների համաձայն`  Թալինի քաղաքապետն իրեն պատկանող «Մշո օջախ» հյուրանոցային համալիրում վառած էլեկտրաէներգիայի գումարները չի վճարել: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ, երբ վերջինիս գործի վրա բռնել է Թալինի էլցանցերի պետը եւ ինչ-որ բարեխոսություններից հետո որոշել  «հեչ» անել քաղաքապետի  պարտքերը: Մնացականյանը նաեւ Թալինի ջրային տնտեսությունից  իր համար առանձին գիծ է քաշել եւ ոռոգել  իր հողամասը:  
Բացի այն, որ քաղաքապետն է իրեն «լավ» զգում քաղաքում, պարզվում է` նրա փեսա Ժորա Սուքիասյանը եւս այդ կարգավիճակում է: Վերջինս իրեն պատկանող հացի արտադրամասում եւ տանը գազի «լեւի» գիծ է ունեցել: Տարիներ հետո, սակայն,  Մնացականյանի փեսան բռնվել է: Հետաքրքիրն ու տարօրինակն այն է, որ այդ փաստի համար պատժվել է ոչ թե քաղաքապետի փեսան, այլ տարածքի  վարձակալը` ոմն Սմբատ:
«Մեր ստացած տեղեկությունների մասին փորձեցինք զրուցել Թալինի քաղաքապետի հետ, ով, իր փեսայի հետ կապված հարցին  ի պատասխան, ասաց. «Ես շա՞տ գիտեմ` ով ինչ ա արել, ես տենց տեղեկություն չունեմ, համապատասխան կազմակերպություններ կան, իրա՛նց դիմեք: Ով որ Ձեզ ասել ա էդ լուրը, թող համարն էլ ասի, զանգե՛ք, իմացե՛ք»:
Մնացականյանը ոռոգման ջրի հետ կապված եւս խոսեց «ցրողական» ձեւով. «Ամբողջը լոժնի ինֆորմացիա ա, ո՞վ ա դրա հեղինակը, ի՞նչ ա դրանով ուզում ասի, չեմ իմանում, որտեղի՞ց եմ ջուր քաշել, իմ տուն տարել, բերե՛ք, ապացուցե՛ք»:
Իսկ իրեն պատկանող «Մշո օջախ»-ի էլեկտրաէներգիայի պարտքերի մասին   հարցից հետո Մնացականյանը երկար լռեց, ապա ասաց. «Չեմ իմանում` տենց բաները ով ինչի համար ա ասել, բայց եթե ուզում ես կոնկրետ ինֆորմացիա ունենաս,  ճշտի՛, տե՛ս` ումն ա, մեկ էլ ճշտի՛, տե՛ս` էդ մարդն ով ա,  որ քեզ նման ինֆորմացիա ա տվել կամ ինչ նկատառումներով ա ասել»:
Զրուցեցինք նաեւ «Հայռուսգազարդ»-ի Թալինի տեղամասի ղեկավար Արշակ Մանուկյանի հետ: «Եթե տենց բան լիներ, վաբշե կգազազրկեինք, տենց բան չի եղել, էդ ո՞վ իրա ձեռով իրա աչքը կհանի, ես տենց բան թույլ կտա՞մ»,-հռետորական հարց ուղղեց «Հայռուսգազարդ»-ի տեղամասի ղեկավարը եւ անջատեց հեռախոսը:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի էլցանցերի պետ Արթուր Թադեւոսյանն էլ  նշեց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Ես շատ փոքր մարդ եմ, որ ինչ-որ գումար հեչ անեմ, ես անգամ նման ֆունկցիա չունեմ, որ կարողանամ գումար հեչ անեմ, ես շրջանային էլեկտրացանցի պետ եմ, ես դաժե աշխատող չեմ կարող ընդունեմ կամ ազատեմ, ուր մնաց թե… քաղաքապետն ի՞նչ պարտք պետք է ունենա…»: Պարզ է, որ այս պաշտոնյաները պետք է քաղաքապետի «թիկունքին» կանգնեին: Բայց փաստ է, որ ամբողջ Թալին քաղաքն է խոսում, որ քաղաքապետը նման քայլերի է գնացել եւ բոլոր գերատեսչություններում խայտառակ իրավիճակներում է հայտնվել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս