ՔՈՉԻՆՅԱՆԸ ՍՏԱԽՈՍ Է ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` «Թեեւ Վանաձորի հարկային ծառայության պետի պաշտոնից հեռացաք Ձեր դիմումի համաձայն, լուրեր էին շրջում, որ դա Ձեզ պարտադրված էր` ինչ-ինչ ֆինանսական չարաշահումների արդյունքում, մեկնաբանություններ կային, որ ինչ-որ գումարներ են յուրացվել» հարցին Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի տված «Գիտեք ի՞նչ, պետք է Ձեզ խնդրեմ, որ ասեք, թե այդ մեկնաբանություններն ով է տվել, որպեսզի ես նրան դատի տամ ու էդ գումարի քառապատիկի չափով պատիվ պահանջեմ» պատասխանից հետո («Անհնար բան չկա` հնձվորից մարզպետ», «Ժողովուրդ», թիվ 120, 20.07.2011թ.) նույն թերթի միջոցով հայտարարեցի, որ «Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը եւ Ճոճկան գյուղի գյուղապետ Վարուժան Թամազյանն իրար հետ յուրացրել են 50 միլիոն դրամ», եւ առաջարկեցի Հենրիկ Քոչինյանին դիմել դատարան («Դատի՛ տվեք, որովհետեւ սղոցել եք», «Ժողովուրդ», թիվ 121, 20.07.2011թ.):

Եւս մեկ անգամ պնդում եմ, որ Հենրիկ Քոչինյանն ու Վարուժան Թամազյանը ՀՀ բյուջեից յուրացրել են 50.000.000 ՀՀ դրամ, այսինքն` Հ.Քոչինյանին եւ Վ.Թամազյանին ես մեղադրում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործություն կատարելու մեջ, որը նախատեսում է ազատազրկում` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Քրեական օրենսգրքում գոյություն ունի նաեւ 333 (սուտ մատնություն) հոդվածը, որի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, այսինքն, եթե Հ.Քոչինյանը գտնում է, որ ինքը Վ.Թամազյանի հետ ՀՀ բյուջեից 50.000.000 ՀՀ դրամ չի յուրացրել, եւ ես իր նկատմամբ սուտ մատնություն եմ կատարել, ապա կարող է դիմել պատկան մարմիններին եւ պահանջել, որ ինձ քրեական պատասխանատվության ենթարկեն:
Հ.Քոչինյանն ինձ դատի չտվեց (չի տալու) եւ իմ նշած գումարի քառապատիկի չափով ինձնից պատիվ չպահանջեց (չի պահանջելու), ինչպես նաեւ պատկան մարմիններին չդիմեց եւ չպահանջեց (չի դիմելու եւ չի պահանջելու), որ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար ինձ քրեական պատասխանատվության ենթարկեն, քանի որ կատարած լինելով նշված յուրացումը եւ ճանաչելով ինձ` գիտակցում է, որ ինձ դատի տալու կամ պատկան մարմիններին դիմելու դեպքում ես կապացուցեմ իր եւ Վ.Թամազյանի կողմից ՀՀ բյուջեից 50.000.000 ՀՀ դրամ յուրացնելու փաստը:
Հ.Քոչինյանը, դատարան եւ/կամ պատկան մարմիններին դիմելու փոխարեն, «Ժողովուրդ»-ի լրագրողի հարցերին պատասխանելու ժամանակ իմ վերաբերյալ կատարել է մի շարք անհիմն պնդումներ` վիրավորել ու զրպարտել է ինձ, ինչպես նաեւ ինձ անիծել է, թե «լեզուդ պիտի պապանձվեր», որը եւս մեկ անգամ հիմնավորում է, որ Հ.Քոչինյանը վախենում է իմ խոսելուց` իմ կողմից իր վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելուց: («Քոչինյանը միլիոն է յուրացրել», «Ժողովուրդ», թիվ 121, 28.07.2011թ.):
Նշեմ, որ ինձ անիծելու միջոցով արդյունքի հասնելու հարցում Հ.Քոչինյանին անհաջողություն է սպասվում. ես սնահավատ չեմ եւ նրա անեծքներից չեմ վախենում:
Հոդվածը լույս տեսնելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի պահանջները, ընդդեմ Հենրիկ Քոչինյանի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել էի հայց` պահանջելով, որ նա ապացուցի իմ վերաբերյալ իր կատարած պնդումները, իսկ ես պարտավորվել էի ապացուցել, որ ինքը` Ճոճկանի գյուղապետ Վարուժան Թամազյանի հետ միասին, ՀՀ բյուջեից յուրացրել է 50 միլիոն ՀՀ դրամ:
Ընդդեմ Հ.Քոչինյանի դատարան ներկայացված հայցի մեջ գրել եմ. «Հ.Քոչինյանը ՀՀ բյուջեից յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումարները, նա ի վիճակի է վճարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետով, 8-րդ կետի 2-րդ ենթակետով եւ 12-րդ կետով նախատեսված գումարները, սակայն ինձ վիրավորելու եւ զրպարտելու դիմաց Հ.Քոչինյանից պահանջում եմ ընդամենը 1 (մեկ) լումա, իսկ իմ կողմից կատարված դատական ծախսերը չեմ պահանջում, քանի որ դատարան դիմելով` ոչ թե ցանկանում եմ նրանից ինչ-որ չափի գումար ստանալ, այլ ցանկանում եմ ապացուցել, որ Հ.Քոչինյանը հանցագործ է, եւ իմ կողմից իր հանցագործ լինելու փաստի բացահայտումն է պատճառը, որ նա հրապարակային վիրավորել եւ զրպարտել է ինձ»:
Ի պատասխան իմ հայցի` Հ.Քոչինյանը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան, որտեղ փորձել է հիմնավորել իմ վերաբերյալ իր կատարած բոլոր պնդումները, սակայն վախեցավ դատարան ներկայանալ եւ իր պնդումները դատական նիստերի ընթացքում հիմնավորել (դատական նիստերը տեղի են ունեցել Հ.Քոչինյանի եւ նրա ներկայացուցչի բացակայությամբ):
Հայցի դեմ ներկայացված պատասխանից հետո Հ.Քոչինյանը դատարան է ներկայացնում առարկություններ, որտեղ մասնավորապես գրել է. «Ինչպես նշեցի, ես «Ժողովուրդ» օրաթերթին հարցազրույց չեմ տվել, ինձ զանգահարողը նույնիսկ տեղյակ էլ չի պահել, որ մեր հեռախոսազրույցը ձայնագրվում է (եթե ձայնագրվել է) կամ հրապարակվելու է: Եթե նույնիսկ ես հայցվորի հասցեին ինչ-որ արտահայտություններ եմ կատարել ինձ զանգահարող անծանոթի հետ խոսելու ժամանակ, ապա դրանց նպատակը եղել է ոչ թե հայցվորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը, այլ բացառապես ինձ զանգահարողի մոտ այն համոզմունքի ձեւավորումը, որ իմ վերաբերյալ հայցվորի կողմից տարածվող տեղեկություններն ակնհայտ սուտ են ու անհիմն: Եթե ես հայցվորի պատիվն ու արժանապատվությունը հրապարակայնորեն արատավորելու նպատակ ունենայի, ապա ես կարող էի դա անել` հրապարակային ելույթ ունենալով, զանգվածային լրատվության միջոցներում իմ անունից հերքում տալով կամ իմ անունից որեւէ հոդված հրապարակելով: Ես այդպիսի քայլերի չեմ դիմել, որովհետեւ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը հրապարակայնորեն արատավորելու նպատակ չեմ ունեցել: Այն հանգամանքը, որ ես հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող հրապարակային արտահայտություններ չեմ կատարել, նրա վերաբերյալ փաստացի տվյալներ հրապարակայնորեն չեմ ներկայացրել, հիմնավորվում է նաեւ հայցվորի հայցադիմումով: Այսպես, հայցադիմումի 4.1 կետում նշված է. «Հենրիկ Քոչինյանից հօգուտ Հակոբ Ճարոյանի բռնագանձել 1(մեկ) լումա` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցերին պատասխանելիս Հակոբ Ճարոյանին վիրավորելու եւ զրպարտելու համար», իսկ 4.2.7 կետի երկրորդ պարբերությունում նշված է` «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 125 համարում տպագրված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Ես ներողություն եմ խնդրում Հակոբ Ճարոյանից նրա վերաբերյալ լրագրողին սուտ տեղեկություններ ներկայացնելու համար»:
Կատարված մեջբերումից արդեն իսկ ակնհայտ է, որ նա փորձում է մեղքը բարդել լրագրողի վրա: Եթե ենթադրում ենք, որ Հ.Քոչինյանը սուտասան չէ եւ չի իմացել, որ լրագրողի հետ է խոսում, ապա առաջանում է հարցադրում, թե ինչու է իր հետ հեռախոսով հարցեր տվող անծանոթին իմ վերաբերյալ ակնհայտ սուտ տվյալներ հայտնել, կամ ինչու է նույն ակնհայտ սուտ տվյալները հայցի դեմ ներկայացված պատասխանում պնդել, կամ ինչու է ինձնից ներողություն խնդրում` լրագրողին սուտ տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ




Լրահոս