ԲՈԼՈՐՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել մի երիտասարդ  եւ խնդրում էր իրեն օգնել, որպեսզի պարզի, թե ում պետք է դիմի, երբ իր մեքենան տրանսպորտային միջոցի պատճառով վնասվել է: Նա անհուսալի վիճակում, իր ամբողջ գործերը թողած` փողոցի կենտրոնում սպասում էր այն մարդկանց, որոնք իբրեւ թե պետք է փոխհատուցեին իր մեքենայի կրած վնասը:
27-ամյա Հակոբ Հակոբյանը պատմեց, որ ինքը ժամը 13:30-ի սահմաններում Արշակունյաց փողոցով ընթացել է, երբ հանկարծակի տրոլեյբուսի լարը պոկվել եւ ընկել է իր մեքենայի վրա: «Փեթակի կողմից որ գնում ես, էդ տարածքում էի, տրոլեյբուսի լարը հանկարծ պոկվեց, ես չէի էլ նկատել, հարվածեցի էդ լարին, ու մեքենաս քերծվեց, հիմա ես չեմ իմանում` ինչ պիտի անեմ, ով ա փոխհատուցելու ինձ, ով ա իմ մեքենան սարքելու: Եթե հենց հիմա էլ գաք, կտեսնեք, որ էդ լարը պոկվել, ընկել ա, ու մեքենաները գնում-գալիս, կպնում են դրան»,-պատմեց մեր զրուցակիցը:
Վերջինս նշեց, թե տեսնելով, որ իր մեքենան վնասվել է,  անմիջապես զանգահարել է ԱՊՊԱ եւ ներկայացրել իր հետ կատարվածը: Հակոբի խոսքերով` նրան վստահեցրել են, որ ԱՊՊԱ-ն այս դեպքում որեւէ կապ չունի եւ չի կարող փոխհատուցել` խորհուրդ տալով զանգահարել համապատասխան մարմինների, որոնք իրավասու կլինեն լուծել այդ հարցը:
Քաղաքացին մեզ դիմել էր մոտ 14:30-ի սահմաններում` հասկանալով, որ ինքն ի վիճակի չէ որեւէ բան անել: «Ժողովուրդ»-ը զանգահարեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին` պարզելու համար, թե տվյալ պահին ինչ պետք է անի քաղաքացին, երբ իր մեքենան վնասվել է: Խնդրեցին մի քանի րոպե սպասել`  ճշտելու համար, թե ինչ է պատահել:
Որոշ ժամանակ անց քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց, որ մեր հարցին կարող է պատասխանել Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն: Զանգահարեցինք ընկերության ղեկավար Հարություն Երեմյանին եւ ներկայացրինք իրավիճակը` հավելելով, որ քաղաքացին այս պահին գտնվում է դեպքի վայրում եւ անհամբեր սպասում է մեր պատասխանին:
Երեմյանը եւս որոշ ժամանակ խնդրեց` պարզելու համար, թե ինչ է կատարվել:  Այնուհետեւ, ժամը 16:00-ի սահմաններում զանգահարեց մեզ եւ ասաց, որ ինքը հետաքրքրվել է, եւ նման դեպք չի ֆիքսվել: «Եթե վթար է լինում, գրանցվում է վթարը, եթե անգամ լար է կտրվում, ընկնում, մենք էլի գրանցում ենք, կան համապատասխան մարդիկ, որոնք դրանով զբաղվում են: Ես էլի կճշտեմ ու Ձեզ վաղը կզանգահարեմ, բայց էդ ընկերը թող գնա ԳԱԻ (ՃՈ)  ու թող ասի, որ ինձ հետ նման դեպք ա պատահել, խնդրում եմ արձանագրե՛ք` հետագայում ընթացք տալու համար»,-խորհուրդ տվեց Երեմյանը եւ վստահեցրեց, որ հաջորդ օրը կպատասխանի մեր հարցին:
Իսկ մինչեւ Երեմյանը կկողմնորոշվեր, թե ինչ է պատահել, քաղաքացին դեպքի վայրում սպասում էր, եւ մենք էլ, հասկանալով, որ Երեմյանի «պարզելը» ոչ թե ժամերի, այլ օրվա խնդիր է, որոշեցինք սպասել: Իսկ քաղաքացին էլ հուսալքված որոշեց գնալ իր աշխատանքին: Երեմյանին զանգահարեցինք հաջորդ օրը, եւ պարզվեց, որ նման դեպք գրանցվել է. «Վարորդը եկել, մարգատը միացրել, կանգնել ա ու ասել, թե լարը պոկվավ, ընկավ իմ մեքենայի վրա, բայց մարդիկ կանգնած տեսել են, որ ինքը նոր ա մոտեցել էդ լարին: Թե նախկինում` մինչեւ մեր բրիգադի գալը, էդ լարին քսվել ա, գնացել, պտտվել, եկել ա, չգիտեմ, մի հատ ճշտե՛ք,  եթե լարը պոկված, ընկած ա եղել, ինքը եկել, կպել ա, դա իրա մեղքն ա, ինքը պետք ա դա նկատի, համ էլ գնա  ԳԱԻ»:
Փաստորեն, երկու օր շարունակ, ամեն մեկը մյուսի վրա գցելով, ոչ մի ատյան  այդպես էլ չփոխհատուցեց քաղաքացու կրած վնասը: Ավելին, անգամ քաղաքացուն մեղավոր համարեցին, որ չի նկատել, թե լարը պոկվել, ընկել է եւ վնասել իր մեքենան: Մի խոսքով` բարձիթողի իրավիճակ, որի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս