Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՎԻՇԱՊԻ ՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականը Վիշապի տարի է, ըստ աստղագուշակների` այն  դժվար, սակայն  կարեւոր ու հաջողակ տարի է լինելու: Մարտերի ու հաղթանակների տարի է: Այս տարի պետք է համարձակորեն առաջ գնալ: Եթե ինչ-որ բան դրել եք մի կողմ, հետաձգել, ապա հիմա  իսկական ժամանակն է դա անելու: Վիշապի տարում պետք է իրականացնել բոլոր կարեւոր ծրագրերը: Դրսեւորե՛ք հնարամտություն, պլանավորե՛ք ձեր գործունեությունն ու ժամանակը: «Ժողովուրդ»-ը փորձել է ներկայացնել, թե այս տարի ինչ է սպասվում հայրենի պաշտոնյաներին:
57-ամյա Սերժ Սարգսյանը ծնվել է հունիսի 30-ին` Խեցգետնի նշանի տակ, նրա հաջողակ օրերը`  երկուշաբթին եւ  հինգշաբթին են:  Եթե Սարգսյանն իրեն ռիսկային եւ հաջողակ մարդ է համարում, ապա այս տարին իրենն է: Չէ՞ որ հաջողության է հասնում նա, ով չի ընկրկում դժվարություններից եւ ոչ ստանդարտ հարցերի լուծումներից: Նրան սպասվում են հաճելի անակնկալներ, անսպասելի եկամուտներ: Եթե կարողանա այս բոլորը հասցնել, ապա ամեն ինչ գերազանց կլինի: Տարվա սկիզբը հարմար է ինչպես բիզնեսի ու կարիերայի, այնպես էլ հանգստի եւ ճանապարհորդության առումով: Հատկապես պետք է ուշադրություն դարձնի հանգստին, չէ՞ որ վերջին շրջանում գերհոգնած է: Մեկ խորհուրդ եւս. ավելորդ տհաճությունների մեջ չընկնելու համար Սարգսյանը չպետք է խառնվի ուրիշի գործերին:
ԲՀԿ առաջնորդ 55-ամյա Գագիկ Ծառուկյանը ծնվել է նոյեմբերի 25-ին` Աղեղնավորի նշանի տակ: Առջեւում բավականին հագեցած տարի է: Մի կողմից Ծառուկյանին կուղեկցի հաջողությունը, մյուս կողմից ստիպված կլինի շատ աշխատել: Վերջինս համարձակորեն կարող ձեռնարկել ամենակարեւոր միջոցառումներն ինչպես գործնական ոլորտում, այնպես էլ անձնական հարցերում: Կծագեն խնդիրներ, որոնց լուծման համար հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա: Վիշապի տարին Գագիկ Ծառուկյանի համար կլինի կայուն ու գործնական:
ՀՀ վարչապետ 51-ամյա Տիգրան Սարգսյանը ծնվել է հունվարի 29-ին, այսինքն` Ջրհոսի նշանի տակ: Կառավարության ղեկավարի հաջողակ օրերը չորեքշաբթին եւ շաբաթը կլինեն: Վարչապետին այս տարի որոշ իրադարձություններ կստիպեն այլ հայացքով նայել կյանքին: Վերջինս առանձնակի ուշադրություն կդարձնի նոր ծանոթների հետ կնքվող գործարքներին, որոնք ֆինանսական մեծ հաջողություն են խոստանում: Կլինեն վառ տպավորություններ, անմոռաց հանդիպումներ: Այս տարի  Տ.Սարգսյանը հակառակ սեռի հիացմունքի առարկան կդառնա:
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ 66-ամյա Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ծնվել է հունվարի 9-ին, Այծեղջյուր է: Ըստ աստղագուշակի`  եկող  տարին փոփոխություն կմտցնի Լեւոն Տեր-Պետրոսյանի կյանքում: Վերջինիս սպասվում է հաջողություն, բայց հարկավոր է մի փոքր ավելի ջանասեր լինել: Սպասվում են ճանապարհորդություններ, արկածներ, սեր, նպատակների իրականացում: Խորհուրդ է տրվում լինել ավելի համարձակ` Վիշապի տարում նրան ոչինչ չի խանգարել, ՀԱԿ առաջնորդին առաջընթաց է սպասվում: Ամռանը նա լիովին պետք է տրվի հանգստին, որի իրավունքը նա վաստակել է: Աստղերը խորհուրդ են  տալիս հանգիստն անցկացնել մտերիմ ընկերների ու ընտանիքի շրջապատում:  
ՀՀ նորանշանակ ոստիկանապետ 53-ամյա Վլադիմիր Գասպարյանը Կույսի նշանի տակ է ծնվել` սեպտեմբերի 9-ին: Նրա հաջող օրը չորեքշաբթին է լինելու: Կույսերի համար սկսվելու է կյանքի տոնը: Վիշապի տարին Վովա Գասպարյանի տարին է լինելու, խորհուրդ է տրվում վայելել այն եւ աշխատել հնարավորինս շատ օգուտ քաղել ընձեռված հնարավորություններից: Տարվա սկիզբը կարեւոր ժամանակաշրջան է ապագայի հիմքը դնելու համար: Ամբողջ տարին Գասպարյանը պետք է աշխատի միայնակ` չսպասելով որեւէ աջակցության: Վերջինիս կօգնի միայն սեփական աշխատասիրությունն ու համառությունը: Նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվի միայն աշխատանքով, կուզենա ստանալ նոր տպավորություններ: Տարին բարենպաստ  է առողջության ամրապնդման համար:
ՍԴ ղեկավար 63-ամյա Գագիկ Հարությունյանը ծնվել է մարտի 23-ին` Խոյի նշանի տակ:  Պարզվում է` Վիշապը բավական հետաքրքիր ազդեցություն է թողնելու խոյերի վրա: Նրանք շատ հաստատակամ են տրամադրված եւ պատրաստ են նվաճել կարիերայի բարձունքներն ու կարգավորել անձնական կյանքը: Տեղեկացնելով, որ չափազանց զբաղվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա, աստղերը Հարությունյանին հուշում են զգուշանալ մտերիմ մարդկանցից, որոնք կփորձեն դավաճանել իրեն: Իսկ ընդհանուր առմամբ, տարին խոյերի համար կլինի խիստ ծանրաբեռնված, սակայն ֆինանսապես առատ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս