Օրեր առաջ պարզ դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարի անունը` Վահրամ Բաղդասարյան: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀԿ-ին անդամակցել է երեք տարի առաջ: Պատահական չէ, որ Վ. Բաղդասարյանի անդամակցումը առաջացրել էր հնաբնակ ՀՀԿ-ականների դժգոհությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն armlur.am-ի հետ զրույցում, սակայն, չհամաձայնեց այդ դիտարկմանը, քանի որ խմբակցության ղեկավարի ընտրության օրը առաջինը ելույթ են ունեցել հնաբնակ ՀՀԿ-ականները: «Խմբակցության ներսում ընդհանրապես նման խնդիր չկա: Դա հաստատեց նաև քվեարկությունը»,- ասաց քաղաքական գործիչը, հավելելով, որ իր համար անսպասելի էր ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվելը:
-Պրն Բաղդասարյան, ինչպե՞ս եք անելու, որ Ձեր խոսքն ու հորդորներն ազդեցիկ լինեն խմբակցության անդամների համար:
– Ինձ թվում է, որ իմ աշխատած տարիները այդ ազդեցությունը պետք է ցույց տրված լինեին: Այնպես չէ, որ պետք չէ նոր ստեղծել այդ ամենը: Այդ ազդեցիկությունը ձևավորվում է փոխադարձ հարգանքի շնորհիվ, որը մենք ստեղծել ենք այս տարիների ընթացքում:
-Ինչպե՞ս եք պատրաստվում լեզու գտնել ընդդիմադիր խորհրդարանական ուժերի հետ, որոնք պարբերաբար քննադատում են իշխող կուսակցությանը:
-Ընդդիմադիր ուժերի հետ իմ հարաբերությունները եղել են ընկերական, իսկ ընկերականից անցումը քաղաքականի դժվար չի լինի: Կարծում եմ` միմյանց հետ կհամագործակցենք:
-Պրն Բաղդասարյան կա տեսակետ, որ ՀՀԿ-ն այլ կադրեր չի ունեցել խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակելու համար, այդ պատճառով էլ ընտրել են Ձեզ:
-Նախ կարծում եմ` սխալ եք անում, որ թերագնահատում եք իմ ուժերը, երկրորդ` ՀՀԿ-ն փորձառու կադրերի պակաս չունի: ՀՀԿ-ում կադրային հերթ է, ոչ թե սով:
-Ձևավորվել է նոր կառավարություն, որտեղ կան նոր դեմքեր, սակայն սպասումներ կարծես թե չկան, քանի որ ինչպես ասում են` նոր կառավարությունը օլիգարխիկ բնույթ ունի:
-Նախ համաձայն չեմ «օլիգարխիկ» բառի հետ: Այս կառավարությունը փորձառու կադրերով է համալրված:
-Համալրված է, ինչպես ասում են, Ռ. Քոչարյանի կադրերով:
-Ես կատեգորիկ դեմ եմ, երբ ասում են` սրա մարդն է, նրա մարդն է: Իմ ցանկությունն է` ապաքաղաքականացնել գործադիր մարմինը և չասել` սա ում մարդն է, նա ում մարդն է: Այդ մարդիկ աշխատել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ձևավորած համատեղ թիմում: Պետք է մարդուն գնահատել իր աշխատանքով:
-Ի դեպ, Ձեր մասին էլ են ասում, որ Դուք էլ տարբեր մարդկանց, այդ թվում նաև Աղվան Հովսեփյանի հետ կապեր ունեք:
-Ես շատ մարդկանց հետ կապեր ունեմ՝ այդ թվում նաև Աղվան Հովսեփյանի հետ: Բոլորն իմ ընկերներն են և ոչ ավելին: Ընկերությունն Աստծու տված պարգևն է, որը պետք է պահպանել ու փայփայել:
Սոնա Դավթյան