Ապրիլի 3-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ռիչարդ» 3-րդ ներկայացման պրեմիերան: Անցել է մոտ 1 ամիս, սակայն ներկայացումն անցնում է լեփ-լեցուն դահլիճներով: Բեմադրության հեղինակն Արթուր Սահակյանն է: Գլխավոր դերերում խաղում են Տիգրան Ներսիսյանը՝ Ռիչարդ 3-րդի կերպարում, և Մարիամ Դավթյանը` Լեդի Աննայի դերում:
Ներկայացումը հիմնականում արժանացել է դրական գնահատականի` դատելով Տիգրան Ներսիսյանի ֆեյսբուքյան էջի գրառումներից: Մեջբերենք մի քանի գնահատական. «Տիգրան Ներսիսյանի խաղը նոր խոսք էր Շեքսպիրյան էպոպեայում», «Քաղաքական ու ռազմական մեծ գործչի ու հարուստ դրամատիզմով հագեցած մարդու կերպարի լիարժեք մարմնավորում»: Իսկ ահա դրամատուրգ Գևորգ Շահինյանը գրել է. «Ռիչարդ Երրորդին բեմում ինքնատիպ ներկայացրեց Տիգրան Ներսիսյանը` իր նուրբ հեգնանքով և մեծ վարպետությամբ»:
Սակայն դրական գնահատականի կողքին կա նաև քննադատություն: Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Վասիլի Գրիգորյանը քննադատել է Տիգրան Ներսիսյան-Մարիամ Դավթյան խաղը` հնչեցնելով մի քանի գնահատական: Օրինակ. «ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանին հանգիստ չի տալիս «ողբերգակ դերասան» բառակապակցությո՞ւնը (ինչպես Թովմաս Ֆասուլաճյանին երիտասարդ տարիներին): Եվ ամբողջ 3 ժամ նույնը, մի փոքր բարձր կամ ցածր, բայց նույնը: Հիշեցրեց գայլի ոռնոց, բայց՝ առանց բովանդակության»:
Armlur.am-ի հետ զրույցում Տիգրան Ներսիսյանն ասաց, որ նախ չգիտի` ով է Վասիլի Գրիգորյանը, ապա, երբ լսեց որոշակի քննադատական խոսքեր իր խաղի մասին, այսպես արձագանքեց. «Մարդիկ կան, որ տանը նստած՝ վայրահաչությամբ են զբաղվում, արտահայտում իրենց տկարությունը: Ի՞նչ է նշանակում նույն բանը: Նա տգետ բաներ ու ոչ պրոֆեսիոնալ բաներ է ասում` ցանկանալով ուղղակի վիրավորել: Եթե ինքը ներկայացման մեջ դրական ոչինչ չի տեսել, ուրեմն կույր է: Կամ ի՞նչ է նշանակում` ողբերգակ դերասան: Ես բազում դերեր եմ խաղացել` սկսած ողբերգականից վերջացրած կատակերգականով»:
(Լուսանկարները` «Ռիչարդ» 3-րդ ներկայացումից):
Դերասանի խոսքով` ինչ-որ մարդիկ կան, որ մշտապես իր «մսերն են քրքրում»:
«Չի բացառվում, որ այդ Վասիլին այդ մարդկանց խմբից է: Նա ներկայացումը չի դիտել: Այդ մարդը թատերագիտության հետ կապ չունի բացարձակ: Վասիլի կոչվածը գիտի՞, թե ինչ է թատերագիտությունը»,- հռետորական հարց հնչեցրեց պրն. Ներսիսյանը, ապա հավելեց. «Մի խումբ մարդիկ կան Հայաստանում, որ չեն ներում հաջողությունները ու չեն համակերպվում դրա հետ: Վասիլի Գրիգորյանն այդ խմբին է պատկանում»:
Արվեստագետի խոսքով` կարելի է քննադատել, բայց նայած թե այդ քննադատությունն ինչպես են արտահայտում: «Ես որքան հասկանում եմ` ինչ-որ մարդիկ ոգևորված, տանը նստած զբաղվում են Տիգրան Ներսիսյանի անունը տալով ու դրանից հաճույք ստանալով: Ես ժլատ չեմ »,- եզրափակեց դերասանը:
Սոնա Դավթյան