Կանայք կարծում էին, թե մեծահարուստ եմ, բնակարան էին խնդրում. Տիգրան Ներսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է: Մենք դերասանի հետ զրուցել ենք նրա բնավորության գծերի, կյանքի դժվարին փուլի, նախասիրությունների մասին:

-Պարո՛ն Ներսիսյան, Ձեր անունը սիրո՞ւմ եք:

-Այո՛, ուրախ եմ, որ Տիգրան Մեծի անունն եմ կրում, մեր պատմական ամենամեծ դեմքերից մեկի անունը, եթե ոչ ամենամեծի:

-Ձեր ո՞ր հատկության համար եք երբեմն տուժում:

-Ճշմարտությունն առանց վարանելու դեմքին ասելու, էմոցիոնալ լինելու համար: Երբեմն էլ տուժել եմ տղամարդկային գայթակղություններին տրվելու համար, բայց դա ավելի երիտասարդ տարիքում:

-Ի՞նչ բան է հայրենիքը, ո՞րն է Ձեր ձեւակերպումը:

-Շատ կոնկրետ բան է՝ այն բակն է, որտեղ ապրել ես, քո շենքն է, ցայտաղբյուրը: Դա օդում կախված բան չէ: Հայրենիքը միայն Մասիսը չէ, այն ավելի շոշափելի է, քան թվում է:

-Այս երկուսից ո՞րը կընտրեիք՝ կլորիկ գումար բանկային հաշվին, թե՞ավելի մեծ ճանաչում:

-Հարաբերական հարց է: Փողը երբեք իմ կյանքում դոմինանտ չի եղել: Կլորիկ գումար ուզեցել եմ ունենալ արժանապատիվ ապրելու համար: Նույն կերպ վերաբերվում եմ նաեւ ճանաչմանը: Ինձ պետք չէ ճանաչում ամեն գնով: Ջոն Լենոնին սպանողն էլ ճանաչում ձեռք բերեց, հետո՞: Ամեն դեպքում, ես Ձեր նշածներից երկուսն էլ ունեմ եւ երկուսից էլ բավարարված եմ:

-Ըստ Ձեզ՝ ո՞վ է լավ ծնողը, եւ ո՞վ՝ լավ զավակը:

-Լավն էին իմ ծնողները: Նրանք չափանիշ են այն բանի, թե ինչպես են նվիրվում զավակներին: Բայց համոզված չեմ, որ ամենալավ զավակն եմ: Երբ այցելում եմ հորս ու մորս շիրիմներին, ներողություն եմ խնդրում` թեկուզ երբեւէ նրանց հետ զրուցելիս ձայնս բարձրացնելու համար…

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:

-Հորս կորուստն աշխարհը շրջեց, մորինս՝ եւս: Սրանք ամենադաժան պահերն էին: Իսկ փուլ, որպես այդպիսին, կառանձնացնեմ այն շրջանը, երբ ոտք էի դնում պրոֆեսիոնալ բեմ: Այդ ժամանակ 19 տարեկան էի: Կայացման ճանապարհը տարիներ տեւեց: Դա համընկավ Խորհրդային Միության փլուզման, անկախության ձեռք բերման դժվար շրջանի հետ: Հետո եկան էլ ավելի դժնի օրեր՝ 1990-ականներին: Հենց այդ ժամանակ էլ ընտանիք կազմեցի: Աստծուց շնորհակալ եմ, որ այդ փուլն արժանապատվորեն անցա:

-Ձեր կինը գիտի, որ…

-Ես իրեն սիրում եմ: Հաստատ գիտի:

-Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը:

-Շատ են, բայց կտամ Ռոբերտ Էլիբեկյանի անունը, քանի որ նա մեր կողքին է:

-Պոետ, որը տակնուվրա է արել Ձեր ներաշխարհը:

-Հորս շնորհիվ «մտերմացել եմ» պոեզիայի հետ. Նարեկացի, Թումանյան, Տերյան, Չարենց, Սեւակ, Սահյան:

-Շո՞ւտ եք մարդկանց վստահում:

-Այո՛, եւ դա իմ թուլություններից մեկն է, որի համար եւս տուժել եմ: Բայց դա լավ կողմ էլ ունի, երբ վստահում ես եւ հուսախաբ չես լինում, հրաշք զգացում է: Ուղղակի որքան շուտ վստահում եմ, նույնքան շուտ էլ թողնում եմ: Իսկ թողնելն ամենադժվար բաներից մեկն է՝ ինքդ քո մեջ թողնելը:

-Հավա՞տն է ավելի զորեղ երեւույթ, թե՞ հույսը:

-Հավատը. եթե դա չունեցար, հույսերը սին են, անիմաստ:

-Ինչի՞ համար եք ափսոսում:

-Ժամանակի կորստի, այն բանի համար, որ կարող էի ավելին անել, քան արել եմ:

-Հայտնի դառնալուց հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

-Շատ բան: Այսօր թիթեռի կյանքով ապրող մարդիկ կան, որոնց թվում է, թե իրենք հայտնի են, այնինչ` հայտնիությունը մեծագույն պատասխանատվություն է:

-Որպես հայտնի մարդ՝ Ձեր կյանքում զվարճալի դեպքեր եղե՞լ են:

-Այո՛, հեռուստաֆիլմերից մեկում մարմնավորում էի մեծահարուստի: Հիշում եմ՝ փողոցում երկու կին մոտեցան, խնդրեցին, որ իրենց համար բնակարան գնեմ, ասացին. «Մենք գիտենք, որ Ձեզ համար դժվար չէ, դուք 70 հազար դոլար փոխանցեցիք այն օրը այսինչի հաշվին» (ծիծաղում է): Գիտե՞ք՝ նորմալ է, որ դերասանին նույնացնում են դերի հետ: Ավելի վաղ, երբ «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացման մեջ մարմնավորում էի Վոլոդյային, որը բացասական կերպար էր, ներկայացումից հետո էլի երկու կին մոտեցան ու հարցրին. «Դուք կյանքում է՞լ եք այդքան վատը»: Իրականում նրանք ինձ կոմպլիմենտ արեցին. ես իրենց համոզել էի, որ վատն եմ (ծիծաղում է):

Եթե մարդը վատն է, բայց մեծ մարդ է, արժանի՞ է հարգանքի:

-Նայած թե ինչ մասշտաբի սրիկայություն է արել: Օրինակ՝ եթե հայրենիքին է դավաճանել, անգամ «Ռեքվիեմը» գրած լինի, հարգանքի արժանի չէ:

-Եվ վերջում՝ մարդն աշխարհ է գալիս, որպեսզի…

-Ապրի եւ արարի: Ամեն մարդ պետք է հասկանա, որ ընտրյալ է: Ապրելու մեջ կա ամեն բան՝ ստեղծել, սիրել, շարունակություն ունենալ…

Աննա Բաբաջանյան




Լրահոս