ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԲԱՐԵԿԱՐԳ ՓՈՂՈՑՆԵՐ

2012թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ կնքած համաձայնագրի շրջանակում 6.5 մլն եվրո հատկացվեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` հանրապետության 7 մարզերի, այդ թվում նաեւ Լոռու մարզի համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավման նպատակով: Վանաձորի բնակիչներին այս լուրը հույս ներշնչեց, որ վերջապես կունենան ժամանակակից կենցաղին համապատասխան ջրամատակարարում: Սակայն վանաձորցիները 2013թ. ոչ միայն բարելավված ջրամատակարարում չունեցան, այլեւ սրան գումարվեց նաեւ քաղաքի փողոցների, բակերի ու մայթերի անմխիթար, կիսաքանդված վիճակը:
«Վանաձորի ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի շրջանակում աշխատանքներ իրականացնող «Դորոժնիկ» ՍՊԸ-ն Վանաձոր քաղաքի ասֆալտապատ փողոցներում տարբեր ժամանակահատվածներում իրականացրեց ջրագծերի վերափոխման աշխատանքներ, որոնցից հետո, սակայն, փողոցներն այդպես էլ իրենց նախկին տեսքին չբերվեցին: Այժմ այդ փողոցները կա՛մ ընդհանրապես առանց ասֆալտապատման են, կա՛մ էլ անորակ ասֆալտապատման հետեւանքով քարուքանդ եղած: Նույն վիճակն է նաեւ շենքերի բակերում, որտեղ նույն ընկերության թեթեւ ձեռքով փոխվել են ջրագծերը: «Դորոժնիկ»-ի կողմից արված շուրջ 40 կմ երկարությամբ անորակ ասֆալտի ժապավենը ո՛չ Վանաձոր համայնքի միջոցների, ո՛չ էլ պետական բյուջեի հատկացումներով առաջիկայում վերականգնվել չի կարող: Իսկ թե երբ պետք է վերահսկող մարմիններն իրենց գործն անեն եւ պատասխանատվության ենթարկեն իր պարտավորություններում թերացած կազմակերպությանը, հայտնի չէ:

Ա. ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից աշխատանքից ազատվել են Տավուշի մարզի դատախազի տեղակալներ Աշոտ Գեւորգյանը, Սպարտակ Անտոնյանը եւ մարզի դատախազության ավագ դատախազ Արարատ Ազիբեկյանը: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ մարզի դատախազ Աննա Մանթաշյանի տեղակալներ են նշանակվել Արամ Դոլինյանը, Յուրա Բաղյանը, Ներսես Չիլինգարյանը: Վերջինս սպասարկում է Նոյեմբերյանի շրջանը: Նշենք, որ նա ծագումով այդ շրջանի Բերդավան գյուղից է: Բերդի շրջանը սպասարկող դատախազ Ա. Դոլինյանը ծագումով Արմավիրից է, իսկ Իջեւանի շրջանը սպասարկող դատախազ Յուրա Բաղյանը Տավուշի մարզ աշխատանքի է տեղափոխվել Կոտայքից:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս