ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՆԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Հայաստանում աղքատությունը սարսափելի չափերի է հասնում (պաշտոնական տվյալներով` 35 տոկոս), սակայն զարմանալիորեն պարզվում է, որ հանրապետության, մեղմ ասած, թանկարժեք հյուրանոցներում ու հանգստյան տներում Ամանորից ավելի քան երկու ամիս առաջ արդեն գրեթե բոլոր տեղերը պատվիրված են: Տոնական օրերը հանգստյան եւ զվարճանքի վայրերում նշելը կարծես թե նոր ավանդույթ է մեր հայրենակիցների մոտ: Սակայն նկատենք, որ ՀՀ-ում դա բավական թանկ հաճույք է. տոնական օրերը որեւէ հյուրանոցում կամ հանգստյան տանն անցկացնելու համար մեկ անձը կարող է ծախսել 200-800 հազար դրամ: Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են Ամանորն անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են, իսկ առաջարկվող տոնական ծրագրերն էլ` անհամեմատ ավելի բազմազան:

Ոլորտի մասնագետների խոսքով՝ նոյեմբերից մինչեւ մարտ ՀՀ-ում տուրիզմը պասիվ շրջան է ապրում, քանի որ ձմռան ամիսներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազում է: Սակայն հենց այդ շրջանում էլ, հատկապես Ամանորին, հայաստանցիների կողմից գրանցվում է ներգնա տուրիզմի աճ:
Նշենք, որ արդեն մոտ տասը տարի է, ինչ ՀՀ-ում զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է հայտարարված: Ու, չնայած դրան, մեր երկրում գրեթե զարգացած չէ ամանորյա տուրիզմը. շատ քիչ թվով օտարերկրացիներ են ժամանում Հայաստան` այստեղ Ամանորը նշելու: Հատկանշական է, որ ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի ծառայությունների, այդ թվում նաեւ ավիատոմսերի չափազանց թանկ գների մասին վերջերս խոսել էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը. «Երբ զբոսաշրջիկը, օրինակ, Վիեննայի օդանավակայանում ստիպված է 15 ժամ սպասել իր չվերթին, այդ պարագայում նա չի գա այստեղ: Եթե Միացյալ Նահանգներից ես գալիս եւ երկու գիշեր պետք է օդանավում անցկացնես, չես գա Հայաստան: Այո՛, գները բարձր են, ծառայությունները հրաշալի չես անվանի, եւ շատ երկար ժամանակ է պահանջվում»:
Ստացվում է, որ Հայաստանի բոլոր հանգստյան տները ստեղծվել են միայն տեղի օլիգարխների համար, որովհետեւ մեզ մոտ հանգստանալն ավելի թանկ հաճույք է, քան հարեւան երկրներում: Գրեթե բոլոր հյուրանոցային համալիրների տնօրեններն էլ, առիթից օգտվելով, այս շրջանում բարձրացնում են ծառայությունների գները, սակայն դրանք միայն քիչ թվով մարդկանց գրպաններին են հասու: Արդյունքում` հայկական հյուրանոցային համալիրներն աշխատում են քիչ մարդկանցից շատ եկամուտ ստանալու սկզբունքով, փոխանակ ապահովեն մեծ քանակության մեջ ավելի ցածր եկամտի պրակտիկան, ինչն առավել հեռանկարային է եւ եկամտաբեր:
Հիշեցնենք, որ տարեսկզբին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը հայտարարեց, թե նախատեսվում է երկու տարվա ընթացքում Հայաստանի տուրիստական հոսքի ծավալները հասցնել տարեկան մեկ միլիոն մարդու: Նշենք, որ ՀՀ-ում ներգնա զբոսաշրջության ոլորտի աճը 2012թ. արդյունքներով, 2011թ. համեմատ, կազմել է 11,3 տոկոս կամ շուրջ 85 հազար զբոսաշրջիկ` հասնելով 843,330 մարդու:
Նա նաեւ նշել էր, որ 2013թ. նախատեսվում է ներգնա զբոսաշրջության ոլորտի 10-12-տոկոսանոց աճ ապահովել: Այս մասով հիշատակենք, որ 2012թ. ՀՀ հիմնական տուրիստական հոսքերը բաժին են ընկել եվրոպական երկրներին, մասնավորապես Գերմանիային եւ Ֆրանսիային, նաեւ ակտիվացել է Իսպանիան: Իսկ այս տարվա անցած ինն ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ է ժամանել 677,906 զբոսաշրջիկ:
Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 678,786 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.6%-ով:
Մինչ մեր պաշտոնյաներն իրականությունից կտրված ցուցանիշներ են նշում, ՀՀ-ում հանգստանալ ցանկացող քաղաքացին, օրինակ` Ծաղկաձոր-Դիլիջան-Սեւան-Ջերմուկ շղթայում, ամեն օրվա համար 100-300 դոլար պետք է վճարի: Ինչպե՞ս կարող է տուրիզմը գերակա ճյուղ դառնալ մի երկրում, որի թոշակառուն իր մեկ տարվա թոշակով 1-2 օր կարող է հանգստանալ, իսկ նվազագույն աշխատավարձն ընդամենը 1 օրվա հանգստի գումար է:
Այս տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից նոր զեկույց է հրապարակվել զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ: Հայաստանն այս զեկույցում 11 կետով բարելավել է իր դիրքերը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 140 երկրների թվում Հայաստանը զբոսաշրջության մրցունակության առումով 79-րդ տեղում է: Ըստ նրա` չնայած դիրքի բարելավմանը, ամեն դեպքում ոլորտում անելիքները բազմաթիվ են:
Հ.Գ. Զբոսաշրջության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերից, իհարկե, ամենահիշարժանը գերթանկարժեք բիոզուգարանների ներմուծումն էր: Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ հատկացրեց 2 բիոզուգարան գնելու համար` յուրաքանչյուրի դիմաց վճարելով ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար: Պետական պաշտոնյաների համոզմամբ` այդ զուգարանները մեծ նշանակություն պետք է ունենային զբոսաշրջության զարգացման համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը համոզում էին, թե ծրագիրը բիզնեսի տեսանկյունից շահավետ է, եւ 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե: Մինչդեռ հիմա սպասում են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս