ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀԱՑԵԼ Է ԺՈՐԺ ԼՈՏՆԵՐԸ

87 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո Փարիզում մահացել է հայտնի կինոռեժիսոր Ժորժ Լոտները: Ֆրանսիական կինեմատոգրաֆիայում Լոտների ավանդը հսկայական է` 4 տասնյակից ավելի ժապավեններ, որոնցից շատերը հայտնի են ամբողջ աշխարհում: Ռեժիսորի սիրած ժանրը կատակերգությունն էր` համեմված մարտաֆիլմի, դետեկտիվի եւ արկածայինի էլեմենտներով: Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Պրոֆեսիոնալները», «Ով ով է» ֆիլմերը: Լոտները ծնվել է 1926-ին կոմիկ դերասանուհու եւ ոսկերիչի ընտանիքում: Իր երկարատեւ կարիերայի ընթացքում ռեժիսոր-սցենարիստը հասցրել է աշխատել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ժան Պոլ Բելմոնդոն, Լուի դե Ֆյունեսը, Պիեր Ռիշարը, Սոֆի Մարսոն:

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ

«Եվրատեսիլ 2014» մրցույթից հրաժարված երկրների ցանկը համալրվում է: Նախօրեին մասնակցությունից հրաժարվելու մասին են հայտարարել նաեւ Բուլղարիան եւ Սերբիան: Պաշտոնապես ներկայացվող պատճառը մեկն է` ֆինանսական միջոցների անբավարարությունը, թեեւ կասկածներ կան, որ այս տարի երկրների մեծ մասը հրաժարվում է Ավստրիայի տրանսվեստիտ մասնակցի պատճառով: Ավելի վաղ «Եվրատեսիլ 2014»-ին հրաժարվել են մասնակցել Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը եւ մի շարք այլ երկրներ: Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անց է կացվում 1956թ. ի վեր: 2014թ. երաժշտական մրցույթն անց է կացվելու Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:

ԿՆՎԻՐԻ ՍՐՏԱՁԵՎ ԿՂԶԻ

Հոլիվուդի ամենահայտնի` Անջելինա Ջոլի եւ Բրեդ Փիթ զույգը կրկին ուշադրության կենտրոնում է: Այս անգամ էլ Ջոլին որոշել է ամուսնու համար սրտաձեւ կղզի գնել: Պետրա կղզի այցելելուց հետո դերասանուհին այնքան է տպավորվել նրա գեղեցկությամբ, որ որոշել է այն գնել ու նվիրել Բրեդ Փիթի 50-ամյակին: Նրան հատկապես հուզել է այն փաստը, որ կղզում գտնվող 2 տները նախագծել է Բրեդի սիրելի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթը: Սրտի տեսք ունեցող կղզին գտնվում է Նյու Յորքից դեպի հյուսիս, իսկ արժեքը մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է: Նշենք, որ 2011-ին Բրեդ Փիթի 48-ամյակի առթիվ Անջելինա Ջոլին նվիրել էր ջրվեժ Կալիֆորնիայում:




Լրահոս