ԼԵԳԻՏԻՄԻ ՈՒ ՈՉ ԼԵԳԻՏԻՄԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու եւ Մաքսային միությանը միանալու մասին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որոշման դեմ: Երեկ եւս հազարավոր ուկրաինացիներ փողոց են դուրս եկել` իշխանություններից պահանջելով չդադարեցնել եվրաինտեգրացիայի գործընթացը:

Մինչ այդ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուղերձով դիմել էր իր երկրի քաղաքացիներին եւ բացատրել, թե ինչու ինքը վերջին պահին անսպասելիորեն հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից ու հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին: «Այսօր ես կցանկանայի ընդգծել, որ եվրոպական չափանիշներին համապատասխան հասարակության կառուցումը Ուկրաինայում այլընտրանք չունի: Եվ իմ քաղաքականությունը այդ ճանապարհին եղել է ու կլինի հետեւողական… Բայց ես անազնիվ ու անարդար կլինեի, եթե հոգ չտանեի ամենաանպաշտպանների եւ անօթեւանների մասին, որոնց վրա էլ հենց կարող է ընկնել անցումային փուլի ողջ ծանրությունը: Ես, մեղմ ասած, իրավացի չէի լինի, եթե չանեի այն ամենը, ինչ պետք էր անել, որպեսզի մարդիկ չկորցնեն իրենց աշխատատեղերը, որպեսզի նրանք ստանան աշխատավարձ, թոշակ ու նպաստ… Ինչպես որ հայրը չի կարող ընտանիքը թողնել առանց հացի, այնպես եւ ես իրավունք չունեմ մարդկանց թողնել բախտի քմահաճույքին` այն խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ, եթե այն ճնշման տակ, որը մենք զգում ենք, կանգ առնի արտադրությունը, եւ միլիոնավոր քաղաքացիներ դուրս շպրտվեն փողոցներ: Ուստի ես ստիպված եմ գնալ ոչ հեշտ լուծումների: Ուստի ես երբեմն չհասկացված լինելու ռիսկի եմ դիմում: Եվ այդ պատճառով ես խնդրում եմ մեր ժողովրդին այսօր ուշադիր լսել ինձ: Ես երբեք որեւէ քայլ չեմ անի` ի վնաս Ուկրաինայի եւ մեր ժողովրդի»,-հայտարարել է Յանուկովիչը` բավական թափանցիկ ակնարկելով, որ ինքը դեպի ՄՄ է գնում ՌԴ-ի կողմից ճնշումների հետեւանքով: Ավելին, Յանուկովիչը նաեւ խոստացել է առաջիկայում ծավալուն հարցազրույց տալ ու մանրամասն մեկնաբանել իր քայլի դրդապատճառները:
Պետք է արձանագրենք, որ Յանուկովիչն իր երկրի համար կարեւորագույն որոշման վերաբերյալ հանդես է եկել ուղերձով` մեկնաբանելով իր քայլի դրդապատճառները: Սա, թերեւս, վկայում է Ուկրաինայի նախագահի` իր երկրի քաղաքացիների առաջ ունեցած պատասխանատվության զգացումի մասին: Մի երեւույթ, որին ՀՀ քաղաքացիներս այսօր ինչ-որ տեղ նախանձով ենք նայում, քանի որ նույնը չենք կարող ասել Հայաստանում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության` Սերժ Սարգսյանի մասին:
Ս. Սարգսյանը եւս հայտնվել էր գրեթե նույն վիճակում, ինչ Յանուկովիչը. 4 տարի շարունակ Հայաստանի` եվրաինտեգրացիայի ուղղությամբ ակտիվ քայլեր անելուց, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց, փաստաթղթի տեքստը գրեթե ամբողջությամբ մշակելուց եւ նախաստորագրմանը պատրաստելուց հետո նա եւս հանկարծակի շրջադարձ կատարեց ու հայտարարեց ՄՄ-ին միանալու որոշման մասին: Այդ հայտարարությունից անցել է արդեն ավելի քան 2.5 ամիս, սակայն առ այսօր Ս. Սարգսյանն այդպես էլ հարկ չի համարել հանդես գալ ո՛չ ուղերձով, ո՛չ էլ անգամ հարցազրույցով` բացատրելու ՀՀ քաղաքացիներիս իր քայլի դրդապատճառները: Այնինչ ՄՄ-ին միանալու որոշումը սովորական քայլ չէ, այլ նախանշում է երկրի հետագա զարգացման ուղին: Ավելին, այսօր Վիլնյուսում մեկնարկում է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, սակայն ՀՀ քաղաքացիներս չգիտենք, թե ինչ է սպասվում այնտեղ, Ս. Սարգսյանն ինչու է մեկնում, ինչ փաստաթուղթ է ստորագրելու կամ արդյոք ստորագրելու է որեւէ թուղթ: Դեռ ավելին, հայ հասարակությունը Ս. Սարգսյանի` Վիլնյուս մեկնելու մասին առաջինը տեղեկացավ ոչ թե ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունից, այլ Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունից:
Ս. Սարգսյանի քար լռությունը թերեւս գալիս է ապացուցելու մեկ պարզ իրողություն. նա պարզապես արհամարհում է ՀՀ քաղաքացիներին ու հաշվի չի նստում հասարակական կարծիքի հետ: Իսկ այդպես է վարվում, որովհետեւ ինքն էլ է հասկանում, որ այդ պաշտոնին հայտնվել է ոչ թե ՀՀ քաղաքացիների կամքով, ոչ թե նրանց քվեի արդյունքում, այլ ընտրակեղծիքների, ընտրակաշառքի ու տարաբնույթ դիվանագետների «շնորհիվ», ուստի նրանց առաջ հաշվետու չէ:
Հ.Գ.-1. Սերժ Սարգսյանը ՄՄ-ին անդամակցելու իր որոշման մասին Մոսկվայից վերադառնալուց հետո խոսել է ՀՀԿ ԳՄ նիստերում, այսինքն` հաշվետու է եղել իր կուսակիցներին, այլ կերպ ասած` ընտրակեղծարարների այն թիմին, որին էլ պարտական է այսօրվա պաշտոնը զբաղեցնելու համար:
Հ.Գ.-2. ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկայում Ս. Սարգսյանը ՄՄ-ին անդամակցելու խնդրի վերաբերյալ չի պատրաստվում հանդիպել թաղային քրեական հեղինակությունների հետ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս