ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

220 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ

Էյֆելյան աշտարակի երկրորդ եւ երրորդ մակարդակները միացնող սանդուղքը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 220 հազար եվրոյով: Արտասովոր լոտի համար պայքարել է ութ գնորդ` Ֆրանսիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից եւ Լատինական Ամերիկայից: Արդյունքում` այն բաժին է ընկել պորտուգալացի հավաքորդին: Աճուրդի հանված ֆրագմենտի երկարությունը 3,47 մ է: Մինչ այս այն պահվում էր Շվեյցարիայում` մասնավոր հավաքածուում: Յուրահատուկ սանդուղքը, որը 1889թ. պատրաստվել է հենց Գուստավ Էյֆելի կողմից, ապամոնտաժվել էր 1983թ. աշտարակը շահագործող ընկերության կողմից: Այն բաժանվել էր 24 մասի, որոնցից չորսը նվիրել էին ֆրանսիական թանգարաններին, իսկ 20-ը` վաճառել աճուրդում: Նշենք, որ աճուրդի կազմակերպիչներն այս լոտի համար հույս ունեին ստանալ 20-ից 30 հազար եվրո:

«ՄԻՍՍ ՌՈՒՍԱՍՏԱՆ-2013»

«Ռուսաստանի գեղեցկուհի-2013» մրցույթում հաղթել է Վլադիմիր քաղաքի 24-ամյա բնակչուհի Անաստասյա Տրուսովան: Նա մասնագիտությամբ հեռուստահաղորդավարուհի է եւ սովորում է Մոսկվայի հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման ինստիտուտում: Տրուսովային շնորհվել է արծաթից ու ոսկուց պատրաստված, կիսաթանկարժեք քարերով զարդարված թագ: Գեղեցկուհին իր հաղթանակը նվիրել է տատիկին ու պապիկին, ովքեր իր մեջ սերմանել են այն արժեքներն ու հատկությունները, որոնք օգնում են առաջ շարժվել կյանքում` դառնալով ավելի լավ մարդ: Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 51 գեղեցկուհիներ Ռուսաստանի տարբեր շրջաններից:

ԱՄԵՆԱՍԻՐՎԱԾ ԳԻՐՔԸ

Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» դարձել է 9-ից 14 տարեկան բրիտանացի ընթերցողների ամենասիրելի գիրքը: Այդ մասին են վկայում Booktrust անկախ բարեգործական ընկերության անցկացրած հարցումները 24 հազար երեխաների շրջանում: Մասնագետների կողմից կազմվել է «100 գրքերի ցուցակը, որոնք արժե կարդալ մինչեւ 14 տարեկանը»: Ստեղծագործություններ ընտրելիս հիմնադրամի աշխատակիցները հաշվի են առել հետաքրքիր եւ օրիգինալ սյուժեն, հեղինակի լեզուն, ձեւակերպման ոճը, ճանաչվածությունը, ընթերցողի մտահորիզոնը լայնացնելու, ժամանակի փորձությունն անցնելու ունակությունը: Երկրորդ եւ երրորդ տեղում են Սյուզեն Քոլլինզի «Քաղցած խաղեր» եւ Ռոալդ Դալի «Մեծ, բարի հսկան» գրքերը:




Լրահոս