ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունը գտնվում է մի քանի մոնոպոլիստների ձեռքում: Այս իրողության մասին արդեն ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու տնտեսագետներն են բարձրաձայնում, այլեւ Տիգրան Սարգսյանի սիրելի Համաշխարհային բանկը: Երեկ ՀԲ երեւանյան գրասենյակում հրապարակվել է «Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մշակում. կուտակում, մրցակցություն եւ կապ» անվանումով զեկույցը, որի համաձայն` մեր երկրի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում:
Սա, կարելի է ասել, հրապարակային ապտակ է ՀՀ կառավարությանը, որը տարիներ շարունակ խոսում է մեր տնտեսության ազատականացման եւ իրականացվող բազմաթիվ բարեփոխումների մասին: Հիմա, սակայն, ստացվում է, որ, օրինակ, Ադրբեջանի կառավարությունն ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ անգամ կոռուպցիայի մեջ թաթախված այդ երկրում տնտեսության մենաշնորհայնության աստիճանը զգալիորեն ցածր է, քան Հայաստանում:
Ըստ ՀԲ զեկույցի` Հայաստանի տնտեսության 20 տոկոսը մենաշնորհային է:
Նկատենք, որ նշված երկրների ցանկում Հայաստանի տնտեսությունն առանձնանում է նաեւ օլիգոպոլիաների բարձր տոկոսով: Եվ արդյունքում, ըստ զեկույցի, Հայաստանի տնտեսության երկու երրորդը մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների վերահսկողության ներքո է: Հանրությունն օլիգոպոլիա ձեւակերպումը թերեւս առաջին անգամ լսեց 2009թ. վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերից, երբ վերջինս հայտարարեց ՀՀ-ում օլիգոպոլիաների դեմ անհաշտ պայքար սկսելու անհրաժեշտության մասին: Բնականաբար, այդ հայտարարությանը, ինչպեսեւ Տ. Սարգսյանի գրեթե բոլոր հայտարարություններին, որեւէ գործնական քայլ չհետեւեց: Փոխարենը հնչեցին արդարացումներ, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերը կապված են, թե նա ազատ չէ այդ ամենի դեմ պայքարում: Եվ երբ նա արդեն 2013թ. մայիսին վերանշանակվեց, կապանքների մասին խոսողները հայտարարեցին նոր ակնկալիքների մասին, քանի որ վարչապետի թեւերը, կարծես թե, ազատ էին, քան երբեւէ:
Մինչդեռ այս ընթացքում Հայաստանի տնտեսության ազատականացման ուղղությամբ վարչապետի միակ նշանակալի քայլն անցումն էր բաց երկնքի քաղաքականությանը, այն էլ` դրան նախորդած ազգային փոխադրող «Արմավիա»-ի սեփականատիրոջ հետ ունեցած ինչ-ինչ հակասությունների պատճառով միայն: Այնպես որ, ՀԲ հրապարակած զեկույցի տվյալներն ավելորդ անգամ ցույց են տալիս ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի կողմից տնտեսության մոնոպոլացման դեմ պայքարելու քաղաքական կամքի բացակայությունը:




Լրահոս