ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «ԳԱԼԱ»-ն տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը, նրա որդին ու եւս մի քանի հոգի ծեծել են Երեւանի բնակիչ Ղազար Մուրադյանին եւ նրա մորը: Սակայն ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրականում նման բան չի եղել, միջադեպին ներկա են եղել հարեւանները եւ կարող են փաստել դա:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ղազար Մուրադյանի հետ, որը հրաժարվեց մեկ օր առաջ «ԳԱԼԱ»-ին ասած խոսքերից՝ նշելով, որ իրեն ոչ ոք չի ծեծել. «Ոստիկանությունից էլ են եկել, ես գրել եմ, որ տենց բան չի եղել, այդ տղու հետ ընդամենը երկու բան ենք խոսել, հա՛, մի քիչ բարձր, գոռգոռալով, բայց գնացել, եսիմ ինչեր են հասցրել»: Մեր հարցին, թե տեղեկություններ կան, որ վերահսկողական ծառայությունից իրեն «հրահանգել» են, որ հերքի իրեն ծեծելու մասին լուրը, Մուրադյանը պատասխանեց. «Չէ՛, տենց բան չկա, կարող եք գալ, ինձ տեսնել՝ արդյոք ինձ ծեծել են, կողքից երեւի տեսել են, ու ինչ-որ մեկը ուզել է վատություն անի, նման բան են սկսել տարածել, չոփը գերան են սարքել»:
Իհարկե, սպասելի էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը պետք է պաշտպաներ իր աշխատակցին՝ նրան դարձյալ «ջրից չոր դուրս բերելու» համար, քանի որ Վահրամ Աբրահամյանի անունն առաջին անգամը չէ, որ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Նախորդ տարի «Ժողովուրդ»-ը գրեց նույն Վահրամ Աբրահամյանի ընտանեկան սկանդալի մասին: Նրա նախկին հարսը եկել էր խմբագրություն եւ աղիողորմ լացում էր՝ տեղեկացնելով, որ սկեսրայր Վահրամն իր միակ երեխային զրկում է հոր ժառանգությունից:
Հիշեցնենք, որ 2011թ. հունիսի 4-ին Տաթեւիկ Թովմասյանի ամուսինը՝ Արթուր Աբրահամյանը (նույն Վահրամի որդին), ավտովթարի հետեւանքով qոհվել էր, ու դրանից հետո սկեսրայրը հակակրանքով ու թշնամանքով էր վերաբերվում իր հարսին: Նա անգամ իր որդու եւ հարսի համատեղ կյանքում ձեռք բերված գույքը խլել էր հարսի ձեռքից՝ բնականաբար «օրենքով», դատարանների միջոցով: «Հիմա ամբողջ ժառանգությունից զրկել են թոռանն էլ, ինձ էլ: Ու հարցն այստեղ նյութական կողմը չէ, այլ բարոյական: Ո՞նց կարելի է զավակին զրկել հոր ժառանգությունից»,-պատմել էր Հովիկ Հովսեփյանի հովանավորությունը վայելող աշխատակցի նախկին հարսը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս