ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՆՈՋԸ ԾԵԾԵԼՆ ԱՄՈԹԱԼԻ՞ ՉԷ

2007թ. հանրապետական թերթերից մեկը նյութ էր հրապարակել Տավուշի մարզի Բերդի շրջանի Այգեձոր համայնքի մասին՝ նաեւ ցուցադրելով գյուղից մի պատկեր՝ էշին լծված սայլ: Շուրջ 2500 բնակիչ ունեցող սահմանամերձ Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը դրանից 2 տարի անց՝ 2009թ., գյուղապետի աշխատասենյակում մեզ հետ կայացած զրույցում ասել էր, որ մամուլում հրապարակված նման լուսանկարն իրենց համար վիրավորական է: Հիմա գրում ենք Այգեձորի գյուղապետին առնչվող իսկապես ամոթալի պատմության մասին: Այգեձորի համայնքապետ, 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ վերջինիս մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Բացի այդ՝ նույն օրը մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքները պարզելու նպատակով Ս. Սաֆարյանը գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի տուն, որտեղ վերջինիս հետ խոսակցությունը վերածվել է վիճաբանության եւ քաշքշուկի, որի ընթացքում Ս. Սաֆարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանին եւ նրա դստերը՝ 1990թ. ծնված Անի Օրդյանին:
Միեւնույն ժամանակ մեղադրանք է առաջադրվել նաեւ ծեծված կնոջը` Այգեձոր գյուղի բնակչուհի, 1964թ. ծնված Գեղեցիկ Գրիգորյանին: Նա 2013թ. օգոստոսի 12-ին Այգեձորի մանկապարտեզում վիճաբանել է մանկապարտեզի տնօրեն Նվարդ Գյուլումյանի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի եւ թիկունքի շրջանում, ապա մանկապարտեզի սենյակում դրված աթոռներից մեկը նետել վիճաբանության ձայներից մանկապարտեզ եկած Ն. Գյուլումյանի ամուսնու՝ Սլավիկ Ղարսայանի ուղղությամբ:
Սասուն Սաֆարյանի նկատմամբ 2 մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ), Գ. Գրիգորյանի հանդեպ՝ ՀՀ քր. օր. 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը, որ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սասուն Սաֆարյանի եւ Գեղեցիկ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը նշանակված է նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս