ՀԱՐՑ. Այսօր համատարած բոլոր «փողոցային առեւտրականներին» արգելում են կանգնել փողոցում եւ առեւտուր անել: Ինչո՞ւ նրանց համար նախապես պայմաններ չեն ապահովվել: Գագիկ Սահակյան, 54 տարեկան, շինարարՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանը հետեւողականորեն շարունակելու է բացօթյա ապօրինի առեւտրի արգելման եւ կանխարգելման ծրագիրը: Նպատակը հստակ է. պահպանել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված առեւտրի կանոնները, պաշտպանել սպառողների շահերը, մանրածախ առեւտրով զբաղվողների համար ապահովել հավասար, հարմարավետ պայմաններ, ապահովել պատշաճ տեսք եւ անցանելիություն:Բազմաթիվ նախազգուշացումներից հետո ս/թ հունվարի սկզբից գործընթացը տեղափոխվել է ավարտական փուլ. բացօթյա առեւտուր անողներից նրանց, ովքեր առեւտուր իրականացնում են իրենց առեւտրի սրահից դուրս` հարակից տարածքում, առաջարկվել է առեւտրային պարագաները ամբողջությամբ տեղափոխել առեւտրի սրահ, իսկ առեւտրի սրահ չունեցող առեւտրականներին առաջարկվել է տեղափոխվել մոտակա շուկաներ: Շուկայատերերի հետ կա պայմանավորվածություն` մատչելի գնի, սկզբնական շրջանում նույնիսկ անվճար տարածքների տրամադրման, շուկաների պայմանների հարմարավետության բարձրացման վերաբերյալ: Այս պահին Երեւանում գործող մեծածավալ եւ փոքրածավալ շուկաները առաջարկում են առկա ծավալային պահանջարկը բավարարող ավելի քան 3000 թափուր վաճառատեղ: Ոչ թե աշխատելու հնարավորությունից զրկվելու, այլ պարզապես գործունեության վայրը փոխելու առաջարկն առեւտրականների մեծ մասն արդեն ընդունել եւ տեղափոխվել է գործող շուկաներ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փայլուն պատասխան է: Բա էլ ի՞նչ ունեն մտածելու առեւտրականները, էլ ինչո՞ւ են բողոքի ակցիաներ անում: Մի տեսեք, թե Երեւանի քաղաքապետը ինչ պայմաններ է ստեղծել: Միայն թե լավ կլիներ` այս ամենը իրական լիներ, այլ ոչ թե աչքկապոցի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ