Փակ շուկայի հարցով բաց նամակ վարչապետին եվ քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ հասարակական կազմակեպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով դադարեցնել “Փակ շուկայում” սկսված շինարարական աշխատանքները։”Երևանի կենտրոնական ծածկված (փակ) շուկան ունի թե ճարտարապետական, թե ճարտարագիտական մեծ արժեք, ինչպես նաև պատմական նշանակություն։ Այն նախագծվել է ճարտարապետ Գ. Աղաբաբյանի, և կոնստրուկտոր Հ. Առաքելյանի կողմից և արժանացել բազմաթիվ մրցանակների,– ասվում է նամակում։Նախաձեռնության հեղինակները պահանջում են “դադարեցնել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (թիվ՝ 1.6.152) շինության տարածքում սկսված աշխատանքները, ինչպես նաև համաձայն “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ՀՀ օրենքի` քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում” ։ Վարչապետից և քաղաքապետից նրանք պահանջում են նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում լայն ու բազմակողմանի մասնագիտական քննարկման ներկայացնել նախագիծը, այդ թվում և հուշարձանի ներքին տարածությունում իրականցվող փոփոխությունները, քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի համաձայն իրականացնել հանրության իրազեկում և անհրաժեշտ քննարկումներ։”Լիահույս ենք, որ ի պատասխան այս գրության մեր հասարակությունը վկան կլինի նախորդ տարվա ընթացքում սկսված շրջահայաց և ըմբռնող մոտեցման ևս մեկ դրսևորման”,– ասվում է նամակում։Նամակը նախաձեռնել են Թրանսփարենսի հակակոռուպցիոն ՀԿ–ը, Հին և նոր քաղաք հիմնադրամը, Մեր քաղաքը ՀՔՆ–ը, Մենք ենք այն քաղաքի տերը ՔՆ–ը, Պահպանե՛նք Հանրապետության հրապարակը ՔՆ–ը, Պետական կարիքների զոհեր ՀԿ–ը, ՈւրբանԼաբԵրևան և Փրկենք հուշարձանները նախաձեռնությունները։




Լրահոս