«ԱՅՍՕՐ ԿԱԽՎԱԾ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է: Այդ առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանի հետ` պարզելու, թե ինչ է նա մտածում ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու եւ կրկին ԽՍՀՄ «կարգերին» վերադառնալու մասին:

-Խորե՛ն Թռչունիչ, խնդրում եմ պատմել, թե քաղաքականությունից հեռանալուց հետո ինչով եք զբաղվում, ինչ գործունեություն եք ծավալում:
-Հայաստանի մյուս ազգաբնակչության նման թոշակ եմ ստանում: Ես որեւէ գործունեություն չեմ ծավալում:
-Տեղեկություններ կան, որ տաքսու վարորդ եք աշխատում, իրականում նման բան կա՞:
-Չէ՛, նման բան չկա, իսկ այն ժամանակ ես աշխատանքներ եմ կատարել, որոնք մասնագիտական են եղել:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այսօր ՀՀ կոմունիստները շատ պասիվ, քաղաքական դաշտում որեւէ կոմունիստ գործունեություն չի ծավալում:
-Ես այժմ ինքնուրույն եմ իմ գործունեությունն անում, իսկ թե ինչու ենք պասիվ, ապա ես Ձեզ խնդրում եմ՝ այդ հարցն ուղղե՛ք կուսակցության ղեկավարությանը, երեւի իրենք Ձեզ ավելի ճիշտ կպատասխանեն:
-2007թ. Դուք մի առիթով ասել էիք. «Մարտունեցուն հարցնում են՝ նախագահական ընտրություններում ո՞ւմ ես ընտրելու, ասում է՝ Պուտինին, քանի որ Մարտունու բնակչության 90 տոկոսն ապրում է Ռուսաստանում աշխատողներից եկած գումարներով»: Նաեւ հավելել էիք. «Ես՝ իբրեւ մարտունեցի, բարոյական իրավունք չունեմ դեմ գնալու այդ իրողությանը»: Փաստորեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ բնակչության մեծ մասն էլ գտնվում է ՌԴ-ում, ինչպես հավաստիացրեց անձամբ Վլ. Պուտինը, ՀՀ իշխանությունները ե՞ւս Ձեզ պես մտածեցին:
-Ես շատ կուզեի, որ ՀՀ իշխանություններն ինձ պես մտածեին: Իմ գեները, իմ իմացությունը, ի վերջո, ապրածս տարիները բավական են, որ թույլ տան մտածելու՝ հայ-ռուս բարեկամությունը եղել է, կլինի ու կշարունակվի, դա մեզանով չէ, դրա հիմքն այնպիսի մարդ է դրել, որի գերեզմանն ամեն հայի համար պետք է սրբավայր դառնա: Խոսքս Զանգեզուրի ծնունդ Իսրայել Օրու մասին է: Ամեն հայ պետք է մտածի, որ իր կտոր հողը, որն աշխարհը ճանաչում էր որպես Տաճկահայաստան, այդ մարդու միջնորդությամբ կարողացավ դառնալ Ռուսահայաստան, այնուհետեւ դարձավ Հայաստան, հետո` Հայաստանի Հանրապետություն: Եթե Դուք ասում եք, որ մենք կախված ենք ՌԴ-ից… այն ժամանակ մի պետությունից էինք կախված, իսկ այսօր կախված ենք աշխարհի բոլոր պետություններից՝ բացի մեզանից: Ես եղել եմ Եվրոպայի խորհրդարաններում, այնտեղ էլ եմ ելույթ ունեցել, այնտեղ էլ եմ կարծիք հայտնել, որ մեր անվտանգությունը, մեր ամեն ինչը կախված է Ռուսաստանից: Ես ասել եմ` մենք ձեզ շատ ենք խնդրել օգնել մեզ, բայց դուք միայն կողքից ժպտացել եք ու անցել, որեւէ ձեռք չեք մեկնել:
-Դուք նաեւ ասում էիք. «Ես պապ եմ ունեցել, ով մահացավ 96 տարեկանում, եւ նրա վերջին խոսքը եղել է՝ ինչ որ կլինի, ձեր ձեռքը ռուսի փեշից բաց մի՛ թողեք: Ես պարտավոր եմ իմ պապի պատգամը կատարել»: Հիմա, փաստորեն, Ձեր պապի պատգամը կատարում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը…
-Սերժ Սարգսյանը, թե ով ուզում է կատարի… հիմա մարդիկ կան, որ, ասենք, եվրոպացիների թելադրանքով կարող են փողոց դուրս գալ, չգիտես ինչ անել… հավատացե՛ք, որ ժողովրդի փրկությունը ՌԴ-ն է լինելու: Երբ մի ժամանակ ես այդ հարցը բարձրացնում էի ու ասում, որ ոչ միայն պետք է միասնական լինենք, այլեւ մտնենք ռուբլու գոտի… հավատացե՛ք, ուշ թե շուտ դա էլ է լինելու:
-Եթե համաձայն եք Ս. Սարգսյանի վարած քաղաքականությանը, ինչո՞ւ հրապարակավ չեք հայտարարում նրան սատարելու մասին:
-Գիտեք ի՞նչ կա, ես նրանց կողքը կանգնելու բնավ մտադրություն չունեմ, ես միշտ քննադատել եմ ու այսօր էլ եմ քննադատելու նրանց կատարած աշխատանքների շատ ձախողումներ, թերություններ, բայց ինչ վերաբերում է նրան, թե ում կողքին եմ կանգնելու, ապա ասեմ, որ ես իրենց կողքը չեմ կանգնելու, այլ մեր ժողովրդի: Եթե ՌԴ-ում իմանան, որ այս փաստաթուղթը հայ ժողովրդի 80 տոկոսի պահանջը չէ, նրանք չեն ստորագրի այդ փաստաթուղթը:
-Ըստ Ձեզ՝ Մաքսային միությունը կդառնա՞ նոր ԽՍՀՄ:
-Ես շատ կուզենայի, որ ԽՍՀՄ գնանք, բայց ԽՍՀՄ չենք գնա, նման բան չի կառուցվելու, ինչպես ասում են Հայաստանում ԽՍՀՄ չսիրողները, որոնք այն ժամանակ էլ քարը քարին չէին դրել ու ԽՍՀՄ-ին եսիմ ինչ էին համարում: Կլինի մի տերություն, որը ԽՍՀՄ չի լինելու, մի ուրիշ տարբերակ կլինի, գուցե ավելի զարգացած: Նոր կառուցածը երեւի ավելի ամուր կլինի ու նախկին թերություններից զերծ:
-Իսկ ՄՄ-ին անդամակցելու դեպքում Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Արցախի հարցը, հավատացե՛ք, միայն այս տարբերակով է լուծվելու:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս