ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանական կուսակցությունները դեռ չեն սկսել իրենց համամասնական ցուցակների վերաբերյալ քննարկումները: Սակայն խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները չեն բացառում, որ առաջիկայում իրենց նախընտրական ցուցակներն էապես կտարբերվեն 2007թ. ԱԺ ընտրությունների ցուցակներից:

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ
-Պարո՛ն Մինասյան, կուսակցությունում արդեն սկսե՞լ եք համամասնական ցուցակի վերաբերյալ քննարկումները:
-Դեռ ո՛չ: Դեռ ժամանակ կա: Կարծում եմ` կա՛մ ՀՀԿ համագումարի ժամանակ կհայտարարենք դա, կա՛մ էլ անգամ համագումարից հետո: Ամեն դեպքում, ԸՕ-ն հստակ ժամկետ է սահմանում, եւ ժամկետներում մենք կներկայացնենք ցուցակը: Երեւի մարտի վերջերին արդեն:
-Իր համամասնական ցուցակը կազմելիս ՀՀԿ-ն արդեն որոշե՞լ է` ինչ սկզբունքներով է առաջնորդվելու, ո՞ւմ է այնտեղ տեղ տալու, ո՞ւմ է հեռացնելու:
-ՀՀԿ ցուցակում տեղ կունենան այն գործիչները, որոնք այս տարիների ընթացքում ցույց են տվել իրենց օգտակարությունը ազգին, պետությանն ու կուսակցությանը:
-Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, որ ՀՀԿ ցուցակում չպետք է լինեն գործարարներ: Ուժի մեջ է արդյո՞ք այդ խոստումը:
-Ես արդեն ասացի, որ ՀՀԿ ցուցակում կլինեն նրանք, ովքեր կբավարարեն վերը նշված չափանիշներին: Ինչ վերաբերում է գործարարներին, ապա կուսակցության նախագահն ասել է, որ ՀՀԿ ցուցակում չի պատրաստվում գործարարների ընդգրկել:
-Ու այդ մարդիկ այլեւս պատգամավոր չե՞ն դառնալու: Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն նրանց մեծամասնական ընտրատարածքներ է գործուղելու, որ այնտեղից դառնան պատգամավոր:
-«Գործուղել» բառը ես չեմ հասկանում: Նրանք կարող են առաջադրվել: Այո՛, եթե կուսակցությունը հարմար գտնի, նրանց կառաջադրի մեծամասնական ընտրակարգով:
-Այսինքն` մի կողմից ՀՀԿ-ն չի ուզում համամասնական ցուցակում ունենալ գործարարներ, մյուս կողմից նրանց առաջադրելու է մեծամասնական կարգո՞վ:
-Եթե ՀՀԿ-ն իսկապես նպատակահարմար գտնի, կանի այդպես, եթե ո՛չ, ապա այդ մարդիկ կարող են ինքնառաջադրվել:
-Ձեր կարծիքով` ՀՀԿ ներկայիս պատգամավորների քանի՞ տոկոսը կհայտնվի հաջորդ խորհրդարանում:
-Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարողանա այդ հարցին այսօր հստակ պատասխանել:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար
-ԲՀԿ-ն համամասնական ընտրացուցակի շուրջ քննարկումները սկսե՞լ է:
-Վստահ եմ, որ դեռեւս նախընտրական ցուցակի կապակցությամբ խոսակցություններ մեր կուսակցության քաղաքական խորհրդում կամ պատգամավորական խմբակցությունում չի եղել: Այս հարցը քննարկվելու է առաջիկայում:
-Իսկ համամասնական ցուցակն ի՞նչ սկզբունքներով եք պատրաստվում ձեւավորել:
-Ես դժվարանում եմ այս պահին այդ հարցին պատասխանել, կրկնում եմ` այդ թեմայի վերաբերյալ հրապարակային քննարկումներ չեն եղել:
-Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն պետք է լինի ԲՀԿ ցուցակը:
-Իմ անձնական կարծիքով` մեր կուսակցական ընկերները, որոնք ունեն մեծ հեղինակություն տեղերում, քաղաքական ասպարեզում, ինչու չէ, նաեւ մշակույթի, գիտության եւ կրթության ասպարեզում, տնտեսության դաշտում, բոլորն էլ պետք է ընդգրկվեն կուսակցության համամասնական ցուցակում: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր հարգանք ու հեղինակություն են վայելում: Բայց այս ամենն իմ անձնական կարծիքն է, այսպիսի քննարկումներ դեռ չեն եղել:
-2007-ին էլ ԲՀԿ ցուցակում շատ էին անվանի գործիչները` կրթության, մշակույթի, արվեստի բնագավառից, բայց հետո նրանք հրաժարվեցին մանդատից, ու ԱԺ եկածների մեծամասնությունն էլի գործարարներ են: Ձեր կարծիքով` այս անգամ ե՞ւս նույնը կկրկնվի:
-Մեր ցուցակում եղել են գիտության եւ կրթության նշանավոր կազմակերպիչներ, որոնք ցանկություն չհայտնեցին շարունակել իրենց գործունեությունը խորհրդարանում: Իսկ թե նույնը կլինի այս անգամ, ես պատրաստ չեմ պատասխանել:

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր
-ՀՅԴ-ն սկսել է արդյո՞ք համամասնական ցուցակի քննարկումները: Ըստ Ձեզ` ի՞նչ սկզբունքով պետք է կազմվի ՀՅԴ ցուցակը:
-Դեռ շուտ են համամասնական ցուցակի մասին քննարկումները: Գերագույն մարմնում պետք է քննարկվի: Իսկ թե ինչպիսին կլինի ցուցակը, դժվարանում եմ ասել, քննարկումներ չեն եղել:
-Ձեր կարծիքով` նախորդի համեմատ` ՀՅԴ ցուցակն այս անգամ շա՞տ փոփոխություններ կկրի, թե՞ ոչ:
-2007թ. այլ իրավիճակ էր, հիմա` այլ իրավիճակ: Ռազմավարական ու մարտավարական տեսանկյունից դիրքորոշումներ կլինեն, ու որոշակի փոփոխություններ կլինեն: Բայց թե ինչպիսին, դեռ չեմ կարող ասել:
-Իսկ ՀՅԴ ցուցակն ո՞վ է գլխավորելու, այդ մասին որոշում կա՞ արդեն:
-Այդ հարցը եւս մեզանում դեռ չի քննարկվել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս