ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆԸ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական նիստը, որի ընթացքում հետազոտվել են առկա ապացույցները: Դատարանը ավարտված է հայտարարել  դատաքննությունը:  Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 30-ին:

ՄԱՄՈՒԼԻ ՎՐԱ
Ոչ թե Էթիկայի հանձնաժողովի, այլ մամուլի վրա պետք է դրվի պաշտոնյաների վերահսկողությունը: Այդ մասին երեկ լրագրողներին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` նկատելով. «Մամուլի իրավունքները սահմանափակված են: Ամեն առիթով դատի են տալիս, այդ պատճառով մամուլը չի կարողանում ազատ գործել»:

ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ
«2011-ին Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան 2010-ին»,-այս մասին երեկ լրագրողներին ասել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը` նշելով, որ վերջնական գնահատականների համար սպասում է 2011-ի հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքների հրապարակմանը: Եգանյանը նաեւ ահազանգել է. «Մենք վաղուց ենք ոտք դրել վտանգավոր շեմ, մեր բնակչության թվաքանակը գնալով նվազում է: Գալու է այն պահը, որ բնակչության թվաքանակը սկսելու է նվազել ոչ միայն բացասական միգրացիայի, այլեւ բացասական վերարտադրողականության արդյունքում»:

ՄԻԱՅՆԱԿ
Հանրապետական կուսակցությունն արդեն կայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւի մասին իր որոշումը: NEWS.am-ի աղբյուրի տեղեկացմամբ` պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ՀՀԿ քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է, ուստի ՀՀԿ-ն որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի համամասնական ընտրապայքարում եւ պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար:

ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ` ՉԾԱՌԱՅԱԾ

«32 ատամ» ընկերության կողմից նկարահանված «Ես եմ» անունը կրող եւ հայոց բանակի 20-ամյակին նվիրված ֆիլմը, ըստ դրա գեղարվեստական ղեկավար  Արմեն Մազմանյանի,  կարեւոր է հատկապես բանակի մասին ներկա շահարկումներին պատասխան լինելու տեսանկյունից: Իսկ հարցին, թե ինչու ֆիլմի ռեժիսորներից Կարեն Բաբաջանյանը չի ծառայել հայկական բանակում, Արմեն Մազմանյանը հավատացրել է, որ նա առողջական լուրջ խնդիրներից ելնելով է, որ բանակ չի գնացել:  

ԿԸՆԴՈՒՆԻ
Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտն այսօր կընդունի մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին: Henaran.am-ի տեղեկացմամբ` հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 9-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:




Լրահոս