ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ

Դեռ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից 41 աշխատակցի ազատումը չմարսած՝ հաջորդ սկանդալն է հասունանում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Երեւան ջուր» ընկերության տնօրինությունն առաջիկայում մոտ 100 աշխատակցի է կրճատելու: Լուրը չհերքեցին նաեւ «Երեւան ջուր»-ից. «Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի մշտական բարելավման նպատակով, ընկերության աշխատանքների կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված, «Երեւան ջուր» ՓԲԸ-ն պարբերաբար փոփոխում եւ հաստատում է վարչակազմակերպական նոր կառուցվածք եւ հաստիքացուցակ, ինչի արդյունքում կրճատվում են հաստիքներ, եւ կատարվում են թվաքանակի փոփոխություններ: Ի կատարումն ընթացիկ տարվա նոյեմբերին «Երեւան ջուր» ընկերության խորհրդի կայացրած թիվ 03 որոշման պահանջի՝ ընկերությունում կատարվում են կադրային փոփոխություններ, ինչը բնականոն երեւույթ է ցանկացած կազմակերպության համար: Աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում փոփոխություններն ու դրանց դադարեցումն իրականացվում են սահմանված ժամկետներում եւ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումով»: Ահա այսպես մասնավոր ընկերությունները «զանգվածաբար» ոտնահարում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, իսկ պետական ատյանները պարզապես քար անտարբերությամբ հետեւում են այս իրադարձություններին:

ԽՆԱՄՈՒ ԽՈՐՀՐԴՈՎ

Նոյեմբերի 10-ին Արարատի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի պարտությունը Գագիկ Ծառուկյանը շատ «ծանր» է տանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական Հայկ Հայկյանի հաղթանակից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խնամուն՝ Գ. Ծառուկյանին, խորհուրդ է տվել որոշ ժամանակով «չերեւալ» դաշտում, մինչեւ ամեն ինչ հանդարտվի: Ծառուկյանն էլ լսել է նրա հորդորը եւ երկար ժամանակ է, ինչ իսկապես որեւէ գործընթացի չի «խառնվում»՝ բացառությամբ մանր-մունր սպորտային հարցերի: Ինչո՞ւ է Գ. Ծառուկյանը կրկին մեկուսացել: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյան ասաց, թե իրավասու չէ պատասխանել:

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին ՀՀ-ում չէ, հենց այդ է պատճառը, որ երկրում կատարվող վերջին իրադարձությունների վերաբերյալ նա որեւէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Այս մասին երեկ լրագրողներին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` հավելելով. «Եթե Աստված տա՝ արագ վերադառնա, կարծում եմ՝ կարձագանքի, որովհետեւ առողջական խնդիրների պատճառով պարոն Հովհաննիսյանն այս պահին Հայաստանում չէ»:




Լրահոս