ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒՄ Է

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակիցներին տեղի-անտեղի ազատում է աշխատանքից: Մարզպետարանում մթնոլորտն այն աստիճան լարված է, որ աշխատակիցներն ամեն պահի սպասում են, որ հնարավոր է՝ մարզպետը պահանջի աշխատանքից ազատման դիմում գրել: Բանն այնտեղ է հասել, որ մարզպետարանի «հնաբնակ» աշխատակիցները դիմում են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանին, որպեսզի նա «միջնորդի»՝ աշխատանքը չկորցնել:
Հավելենք, որ օրերս էլ աշխատանքից ազատվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հրայր Հակոբյանը, թեեւ նշվում է, որ նա աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից: Սակայն նա հայտարարեց, թե իրականում նման բան չկա:

ՓՈՂ Է ՊԵՏՔ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում երկու ուշագրավ օրինագիծ ներկայացվեց, երկուսն էլ` կառավարության կողմից: Առաջին նախագիծը վերաբերում էր «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններին: Դրա համաձայն՝ մինչեւ 2014թ. հունվարի 1-ը տրված ՀՀ սովորական անձնագրերը վավերական կլինեն մինչեւ անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը, իսկ 2014թ. հունվարի 1-ից այն քաղաքացիները, ում անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, կստանան կենսաչափական անձնագիր` ճամփորդելու համար, եւ նույնականացման քարտ` երկրի ներսում օգտագործելու համար: Նշենք, որ կենսաչափական անձնագրի արժեքը 25 հազար դրամ է, նույնականացման քարտի արժեքը` 3000 դրամ: Բայց սա միակ մտահոգիչ դրույթը չէ. նախատեսվում է կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը 2015թ. հունվարի 1-ից դարձնել 10 տարի գործող 5 տարվա փոխարեն, բայց այդ փոփոխությունը չի վերաբերում արդեն տրված կենսաչափական անձնագրերին: Ասել է թե՝ այսօր կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները 5 տարի հետո ստիպված են կրկին վճարել 25 հազար դրամ:
Մյուս ուշագրավ օրինագիծն էլ վերաբերում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին. կառավարությունը ցանկանում է օրենքում ամրագրել, որ վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտը վերադարձնելու դեպքում չի վերադարձվի մինչ այդ մուծած մինչեւ 20 հազար դրամ պետական տուրքը: Ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությունների կարեւոր նպատակներից մեկն էլ պետական բյուջե մեծ գումարներ ուղղելն է, բնականաբար ՀՀ քաղաքացիներիս հաշվին: Ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ կառավարությունը գնալով դժվարանում է պետական բյուջեն հավաքագրելու հարցում, ուստի ստիպված է դիմել նման քայլերի:

ՁԵՎԵՐ, ՁԵՎԵՐ…

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Նրանք նամակներ են փոխանակել ապագային միտված Հայաստանի ու Եվրամիության միջեւ համագործակցության օրակարգի նախանշմամբ:




Լրահոս