ԱՆՏԵՍՎԱԾԸ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԿԱՄ ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիլնյուսում Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների երկար սպասված գագաթնաժողովին երեկ մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը. այնտեղ նա ոչ միայն ելույթ է ունեցել, այլեւ ստորագրել Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համատեղ հայտարարություն: Միայն թե, ստորագրված փաստաթուղթը բարի ցանկությունների ու գեղեցիկ խոսքերի շարան հիշեցնող տեքստ էր:

Արհամարհված ու մեկուսացած

Վիլնյուսյան գագաթնաժողովը, սակայն, երեկ ցույց տվեց Հայաստանի ու ՀՀ իշխանությունների «ողջ պերճանքն ու թշվառությունը»: Բանն այն է, որ իրենց ողջույնի խոսքում ե՛ւ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, ե՛ւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ե՛ւ Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը պարզապես չհիշատակեցին Ուկրաինայի եւ Հայաստանի անունները: Բացի այդ՝ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը նստած էր երկրորդ շարքում, մինչդեռ մյուս երկրների ղեկավարները, այդ թվում եւ` եվրաինտեգրացիայից հրաժարված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, կամ ԵՄ-ի հետ միայն վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր ստորագրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նստած էին առաջին շարքում: Սերժ Սարգսյանն անտեսված էր նաեւ գագաթնաժողովի հետնաբեմում. միջազգային լրատվամիջոցների տեսանյութերում պարզ երեւում էր, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Ալիեւն աշխույժ զրուցում Ժոզե Բարոզուի հետ, Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը` Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի ու ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ, ընդ որում նրանք խոսում էին բավական ակտիվ: Տեսանյութում նույնիսկ լսվում է Մերկելի ձայնը. «Ձեզանից ավելին էինք սպասում», իսկ Յանուկովիչն արդարանում է. «Ուկրաինայում տնտեսական վիճակը շատ բարդ է: Ես ուզում եմ, որ Դուք ինձ լսեք: Ես 3,5 տարի մենակ եմ: Չափազանց անհավասար պայմաններում շատ ուժեղ Ռուսաստանի դեմ ես եղել եմ մեն մենակ»:
Եվ ահա նրանց ֆոնին՝ կադրի երկրորդ պլանում, երեւում է Սերժ Սարգսյանը` կանգնած մի անծանոթի հետ, այն էլ՝ վերջինս երկու-երեք րոպե անց լքում է նրան ու մոտենում ուրիշներին: Բացի այդ՝ տեսնյութերում երեւում է, որ խմբակային լուսանկարվելու համար Սերժ Սարգսյանը կանգնում է հենց առաջին շարքի կենտրոնում՝ Բարոզուի կողքին: Բայց վերջինս այստեղ էլ շարունակում է չնկատելու տալ նրան՝ գերադասելով կատակել ու ջերմ զրուցել Դալիա Գրիբաուսկայտեի ու Անգելա Մերկելի հետ: Իսկ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում դեմքի հերթապահ ժպիտով նայում է մյուսներին եւ ուրախանում: Հասկանալի է, որ երեկ հայտնվել էր արհամարհվածի ու անտեսվածի կարգավիճակում: Առավել եւս, որ նրա իմացած միակ օտար լեզուն ռուսերենն է, ինչը դժվարացնում էր գագաթնաժողովի մասնակիցների հետ շփումը:

Ստորագրեցին` ստորագրելու համար

Վիլնյուսում ԵՄ-ի հետ ՀՀ ստորագրած հայտարարությունը եւս առանձնապես չէր փայլում իր բովանդակությամբ: Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը ստորագրվել է գերազանցապես ԵՄ պահանջով` ավելի շուտ սեփական դեմքը փրկելու համար: «Եվրոպական միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»,-ասված է հայտարարության մեջ: Նրանք նաեւ վերահաստատել են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել ու ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը: Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը եւ այլն, եւ այլն:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթին, ապա երեկ նա խոսքեր չի խնայել կարեւորելու Արեւելյան գործընկերության ծրագիրը` այն անվանելով անհրաժեշտ ու կենսունակ: Նա նույնիսկ փորձել է հանդես գալ որպես եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ` հայտարարելով. «Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները: …Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, եւ այդ գործընթացն այլեւս անշրջելի է: Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձեւավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից համատեղելի են համագործակցության այլ ձեւաչափերի հետ: Արեւելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումն Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետեւողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ»: Միայն թե, նույն Սերժ Սարգսյանը երեկ մոռացել էր, թե ինչպես մոտ երեք ամիս առաջ կտրուկ դադարեցրեց եվրաինտեգրացիայի գործընթացն ու հայտարարեց ՄՄ-ին միանալու մասին:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ նախագահի նստավայրը հրապարակել է Սերժ Սարգսյանի այս ելույթի միայն տեքստը, իսկ նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը մեկնաբանել է, որ լիագումար նիստն անցնում է փակ ձեւաչափում, այդ պատճառով էլ Ս. Սարգսյանի ելույթի տեսագրությունը չկա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս