ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԵՆԳԱԲԱՐ

«Նոութ.ամ» համակարգչային տեխնիկայի օնլայն խանութը համացանցում վերջերս տարածել էր մի գրառում, ըստ որի՝ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ քոմփյութերս» համակարգչային խանութից գնել է 365 հազար դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 հազար դրամ: «Հիմա դուք կմտածեք՝ խեղճ մարդ, բայց հավատացե՛ք՝ այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,-նշված է «Նոութ.ամ»-ի գրառման մեջ: Ընկերության այս վարքագիծը հակասում է օրենսդրությանը, ինչի համար էլ հայտնվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: Բանն այն է, որ «Էյջ թի էլեկտրոնիկս» ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ հայտնելով, որ մրցակից «Նոութ.ամ»-ը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվություն իրենց պատկանող «Ռիչ քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: «Նոութ.ամ»-ը ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանվել է նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Այսուհետ արգելվում է «Իդեալ» ապրանքային նշանի օգտագործումը: «Իմեքս գրուպ»-ը դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ-ին՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշանները եւ ստացել դրանց վկայագրերը: Սակայն մեկ այլ ընկերություն՝ «Իդեալ գազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացրել է առեւտրային գործունեություն՝ խախտելով իրենց իրավունքները: Եվ հանձնաժողովը դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցել: Դե իհարկե, Նորիկ Խաչատրյանի ու Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընկերությունը պիտի հաղթեր:

ԿԱԹԻ ՓՈԽԱՐԵՆ ԹԱՆ

Հայաստանում որոշ տնտեսվարողներ հաճախ դիմում են կեղծարարության՝ վաճառելու իրենց արտադրանքը: Այս անգամ նման ձեւով վարվել է նաեւ «Բոնիլատ» ընկերությունը: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1-լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել՝ «100% pasteurized milk»՝ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ թան: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո «Բոնիլատ»-ը հայտնել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են, եւ ներկայացրել է ապրանքատեսակի նոր, փոփոխված պիտակի օրինակը: Նշենք, որ «Բոնիլատ»-ի սեփականատերը Գարիկ Սարուխանյանն է, որը նախկինում «Բիո կաթ» ընկերության համասեփականատերն է եղել: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա առանձնացել է «Բիո կաթ»-ից եւ որոշել առանձին գործունեություն ծավալել՝ ստեղծելով «Բոնիլատ»-ը:




Լրահոս