ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔ ԿԻՎԻՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դեմ, բացի օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած դեպքերից հետո հարուցված քրեական գործերից, եւս 4 վարչական գործ կա հարուցված: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ Կոմիտասի 5-ում կառուցվող բազմահարկ շինության դեմ բողոքի մեծ ալիք էր բարձրացել: Նշված հասցեում ապրող բնակիչները եւ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ պայքարի էին դուրս եկել՝ կառուցվող շինությունը համարելով ապօրինի: Ինչպես ցանկացած բողոքի ալիքի դեպքում, այս անգամ էլ շատերին բերման էին ենթարկել ոստիկանություն: Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն ակցիայի ընթացքում ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից հենց ոստիկանական մեքենայի մեջ: Նրան ավելի ուշ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ պարզվել էր, որ գլխուղեղի ցնցում է տարել:
Ինչեւէ, նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Կիվիրյանին կանչել էին Հատուկ քննչական ծառայություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Կոմիտասի 5-ի դեպքերի համար նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի (սուտ մատնություն) հատկանիշներով:
Թեեւ ՀՔԾ-ն երկու շաբաթ առաջ ավարտել էր Ա. Կիվիրյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը, սակայն նոյեմբերի 28-ին նրան դարձյալ հրավիրել էին ՀՔԾ: Պատճառը եղել էր այն, որ «տուժող» ոստիկանների ցուցմունքներում առկա էին էական հակասություններ»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արգիշտի Կիվիրյանից հետաքրքրվել, թե որն է լինելու ստեղծված իրավիճակի ելքը:
-Պարո՛ն Կիվիրյան, կոնկրետ Ձեր խոսքի ո՞ր հատվածն են վերցրել եւ համարել սուտ մատնություն:
-Ես բողոք եմ ներկայացրել, որ ոստիկանության ներկայացուցիչը բռնություն է կիրառել իմ նկատմամբ, նրանք դա համարում են սուտ մատնություն: Իրենք ասում են, որ ես բռնության չեմ ենթարկվել: Ես ինքս եմ ինձ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանական ավտոմեքենայի մեջ կծել ու հարվածել, գլխով խփել եմ մեքենայի դռանն ու ինձ վնասվածքներ պատճառել:
-Ինչպե՞ս են ապացուցում, որ դա սուտ մատնություն է:
-Ոստիկանների ցուցմունքով:
-Ձեզ այսքան ժամանակ տարել են ՀՔԾ եւ բերել, ի՞նչ քննչական գործողություններ են իրականացրել Ձեր նկատմամբ:
-Նախ նշեմ, որ նոյեմբերի 13-ին ինձ հայտարարեցին նախաքննության ավարտի մասին, ու հաջորդ օրը նորից ստանում եմ գրություն, որ գործի քննությունը սկսվում է, քանի որ պետք է իրականացնեն լրացուցիչ քննչական գործողություններ: Նոյեմբերի 28-ին հրավիրեցին ՀՔԾ, որտեղ հայտարարում են, թե նախաքննությունն ավարտվեց, եւ ես այդտեղ տեղեկանում եմ, թե ինչու է եւս մեկ անգամ այս գործով նախաքննություն վերսկսվել: Պարզվել էր, որ ոստիկանների ցուցմունքներում առկա էին եղել հակասություններ: Այստեղից էլ երեւում է, թե գործն ինչպես է սարքված, քանի որ եթե մարդ իրականությունն է պատմում, իր ողջ կյանքը հիշում է, բայց երբ սուտ է խոսում, նա սխալվում է: Իսկ ինձ հետ կապված որեւէ քննչական գործողություն չի իրականացվել:
-Ինչո՞ւ են ընկել Ձեր հետեւից:
-Սա քաղաքական հետապնդում է՝ կապված իմ հասարակական, իրավապաշտպանական, լրագրողական գործունեության հետ, ու այստեղ երկրորդ կարծիք չկա: Իմ նկատմամբ կա հարուցված երկու քրեական, 4 վարչական գործ, որոնցից մեկով գնում է քննությունը: Երբ այս ամբողջն իրար ենք միացնում, հստակ տեսնում ենք, որ սա իմ նկատմամբ ուղղված քաղաքական հալածանք է:
-Իսկ ինչպե՞ս եք տեսնում այս իրավիճակի ելքը:
-Բոլորս էլ պատկերացնում ենք, որ ապրում ենք Հայաստանում, որտեղ իշխում է քրեաօլիգարխիկ ռեժիմը, ու անկախ ամեն ինչից՝ պետք է պայքարել այս ապօրինությունների դեմ:
Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլի 20-ին ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը սուտ մատնության համար դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Նրա մեղքը եղել էր այն, որ հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվում է մահափորձ, ինչը համարվեց չապացուցվող փաստ:
Իսկ դրանից առաջ՝ 2008-ին, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դեմ եւս մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնության համար: Զավեշտալին այն էր, որ քննչական մարմինները սուտ մատնություն էին համարել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը: Իսկ հարցադրումները վերաբերում էին Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրին եւ այդ ծրագրի ու 1999թ. հոկտեմբերի 27-ի տխրահռչակ դեպքերի կապին: Ինչեւէ, այս գործն էլ կարճվեց: Հետաքրքիր է, թե ինչ կլինի Կիվիրյանի գործը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՔԾ-ից հետաքրքրվել, թե որքանով է հեռանկարային Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հաշվի առնելով վերը նշված նախադեպերը, սակայն ՀՔԾ-ն մեր հարցն այդպես էլ անպատասխան թողեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս