ԼԱՐԻ ՔԻՆԳԸ ԿԱՅՑԵԼԻ ԱՐՑԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը, ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը ցանկություն է հայտնել այցելել Արցախ: Արքեպիսկոպոսը նշել է, որ Լարի Քինգը վերջին օրերին գտնվում է Կալիֆորնիայում եւ օրերս այցելել է Լոս Անջելեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի նախօրեին ընդունելություն էր կազմակերպվել ի պատիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի: Այլ մանրամասներ, ինչպես նաեւ հայտնի հեռուստահաղորդավարի` Արցախ այցելության կոնկրետ ժամկետներ, չեն հաղորդվել:

Առաջիկայում, թերեւս, պետք է սպասել հերթական ադրբեջանական հիստերիային, որի արդյունքում շուտով Լարի Քինգն էլ կհայտնվի այդ երկրի «սեւ ցուցակում», այսինքն՝ կհայտարարվի «անցանկալի անձ»՝ լրացնելով Արցախ այցելած քաղաքական, մշակութային գործիչների, գիտնականների, գործարարների ցանկը։ Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր «առանց Բաքվի թույլտվության» Արցախ այցելած 335 մարդկանց «սեւ ցուցակը», որոնք այդ երկրում «անցանկալի անձ» են հայտարարվել: Նրանց զգալի մասը լրագրողներ են, օրինակ` հեղինակավոր Times-ի թղթակից Էնթոնի Հալփինը, New York Times-ի լրագրող Անաստասիա Թեյլոր Լինդը, ռուսական ծՁԹ-կխՇհ հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան Կոնստանտին Գենիչը… Ցուցակում է նաեւ դքսուհի Քարոլին Քոքսը, որն ավելի շատ է Արցախ այցելել, քան մեր շատ իշխանավորներ։ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, ՌԴ պատգամավոր Ալեքսանդր Միտրոֆանովը, Իտալիայի հեղինակավոր 3 ճարտարապետներ, ռուս նկարիչներ, ովքեր մասնակցել են Արցախում կազմակերպված «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնին, հայտնի հայ քանդակագործ, Իտալիայում գործունեություն ծավալող Վիգեն Ավետիսը նույնպես «անցանկալի անձ» են: Ցուցակը համալրել են նաեւ բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալեւան, մեկ այլ բուլղարացի՝ Կիրկորովը, բայց ոչ թե որդին, այլ հայրը՝ Բեդրոսը (Ֆիլիպը մոլի ադրբեջանասեր է)։ Տիեզերագնաց Կլոդ Նիկոլիեն, որը 2012-ի սեպտեմբերի 16-ին իր գործընկեր Չարլզ Դյուկի հետ մասնակցել է Արցախում ընթացող «Մարդն ու տիեզերքը» կոնֆերանսին, եւս ցուցակում է։ Աշխարհահռչակ Մոնսերաթ Կաբալիեին, իտալացի երգիչ Ալ Բանոյին մտցրել, ապա «մեծահոգաբար» հանել են այդ ցուցակից, քանի որ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, օրինակ, Ալ Բանոն իրենց նամակ է ուղարկել, որտեղ նշել է, որ իր այցելությամբ չի հետապնդել քաղաքական նպատակ եւ ծանոթ չէ արցախյան խնդրին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս