Լոնդոնը Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքն է։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը:
Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը՝ Նյու Յորքի հետ միասին և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։
Լոնդոնը նաև համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը։ Այն աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է և ունի աշխարհում ամենազբաղված օդանավակայանը։ Լոնդոնի 43 ԲՈւՀ-երն ունեն բարձրագույն կրթության ամենամեծ կոնցենտրացիան Եվրոպայում։ 2012-ին Լոնդոնը երրորդ անգամ ընդունեց Ամառային օլիմպիական խաղերը:
Լոնդոնն ունի բազմազան ժողովրդագրություն և մշակույթ, Լոնդոնում խոսում են ավելի քան 300 լեզուներով։ 2011-ի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, դարձնելով այն Եվրոպական Միության ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը և կազմում է Միացյալ թագավորության բնակչության 12,5%-ը։ Մեծ Լոնդոնը ամենախիտ բնակեցված քաղաքն է Եվրոպական Մությունում, որի բնակչությունը կազմում է 8,278,251, իսկ Լոնդոնի մետրոպոլիայի տարածքը ամենամեծն է ԵՄ-ում ընդհանուր 12 միլիոն բնակչությամբ: 1831-ից 1925 թվականներին Լոնդոնն ունեցել է աշխարհում ամենաշատ բնակչությունը։
շ շ շ