ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանի արժանի փոխարինողն է. Տ. Վարդապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո շատերն էին  ցանկանում այդ պաշտոնում տեսնել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանին: Նման կարծիք էր հայտնել նաև նույն խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Նա նշել էր, որ Կարապետյանը կարող է անթերի ղեկավարել խորհրդարանը:

Սակայն ԱԺ նախագահ ընտրվեց  ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Գալուստ Սահակյանը:

Armlur.am-ը Տ. Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի  Գ. Սահակյանի ղեկավարման մասին: Նա շատ բարձր գնահատեց պրն Սահակյանի աշխատանքն այդ պաշտոնում:

«Չպետք է մոռանալ, որ նա հայ պառլամենտական տարեգրության հնաբնակներից է և իր քաղաքական գործունեությամբ  հսկայական քաղաքական կապիտալ ունի կուտակած հենց խորհրդարանական գործընթացում», – նշեց նա, հավելելով, թե վերջինս երկար տարիներ լավագույնս ղեկավարել է նաև հանրապետական խմբակցությունը:

ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ Գալուստ Սահակյանը բարձր ինտելեկտով օժտված մանկավարժ է, գրագետ հայերենին տիրապետող անձնավորություն:

«Գալուստ Սահակյանն իր աշխատանքը կատարում է ամենայն վարպետությամբ», – նշեց նա, հավելելով, որ խորհրդարանի ներկայիս ղեկավարի կատարած աշխատանքը չի դիտարկում Հովիկ Աբրահամյանի աշխատանքի հետ համեմատության տեսանկյունից:

«Պարզապես այսպես կարձագանքեմ՝ նա Հովիկ Աբրահամյանի արժանի փոխարինողն է: Մենք գիտենք, թե Աբրահամյանը խորհրդարանն ինչ մակարդակի հասցրեց և ինչ հաջողություններ գրանցեց», – հայտարարեց նա:

Այն դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը կարո՞ղ էր նույն վարպետությամբ ղեկավարել խորհրդարանը, նա արձագանքեց.

«Կարեն Կարապետյանն իր բոլոր դրսևորումներով իմ մտերիմ ընկերն է: Անխոս, նա իմ համար լավագույն թեկնածուն է: Բայց ես չեմ ուզում այս երեք անհատականություններին համեմատության մեջ դիտարկեմ, յուրաքանչյուրի վերաբերյալ ունեմ իմ կարծիքն ու վերաբերմունքը», – ընդգծեց նա:




Լրահոս