ԿՌԻՎ ԿԻՆՈ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում` «Նիկո» կահույքի սրահի հարակից տարածքում, մի քանի երիտասարդներ միմյանց վրա կրակում են, իսկ մարդիկ մեքենաների տակ են պատսպարվել եւ չեն կարողանում հասկանալ, թե դա որքան ժամանակ է շարունակվելու:
Մենք զանգահարեցինք ոստիկանություն եւ տեղեկացրինք, որ այդ փողոցում մարդիկ միմյանց վրա են կրակում: Երբ ամեն ինչ արդեն վերջացել էր, հանցագործները փախել էին` դեպքի վայրում թողնելով միայն կրակված 13 պարկուճները, ոստիկանները հասան դեպքի վայր:
Ականատեսները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ «Նիկո» կահույքի սրահի տարածքում մոտ 50-ից ավել երիտասարդներ երկար ժամանակ վիճաբանել են ինչ-որ հարցի շուրջ: Նրանք նախ որոշ ժամանակ հանգիստ «տոնով» են զրուցել, հետո սկսել են գոռգոռալ, շշեր կոտրել իսկ քիչ անց կրակել են միմյանց ուղղությամբ` հրազենները փոքր-ինչ օդ պահելով: Սկզբում կրակ է արձակվել «Նիկո»-ի ուղղությամբ: Պարզեցինք, որ «Դավիդով» ֆիրմայի ծխախոտի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատերերից մեկի` Արթուր Մանվելյանի որդիներն են բախվել «Նիկո»-ի սեփականատեր Աշոտի եղբոր` Արմենի որդիների հետ:
Այնուհետեւ այդ պահին մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող արծաթագույն «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, մեքենայից հանել իր մոտ եղած «ահռելի» զենքը եւ այն դնելով «կապոտի» վրա` սկսել է կրակել տարբեր ուղղություններով: Ականատեսները պատմում են, որ մարդիկ վախեցած այս ու այն կողմ էին փախչում, որոշները թաքնվել էին տարածքում կայանված մեքենաների հետեւում կամ տակը` սպասելով, թե երբ է ավարտվելու այդ «կինոն»:
Այսպիսով` «ոսկե» երիտասարդներն իրենց ինքնահաստատման ճանապարհին կարող էին վտանգել մարդկանց կյանքը` հաշվի առնելով այն իրողությունը, որ ոստիկանությունն անտեղյակ է «աշխատում»: Մեր զրուցակիցները նշեցին, որ կրակոցներից ընդամենը 5-7 րոպե հետո հանցագործները հեռացել են դեպքի վայրից:
«Ժողովուրդ»-ը դեպքից րոպեներ անց զանգահարեց «Նիկո» կահույքի սրահ` պարզելու համար, թե ինչ է կատարվում այնտեղ, սակայն աշխատակիցները շատ վախվորած պատասխանեցին, որ իրենց սրահում ոչ մի դեպք չի գրանցվել, եւ իրենք հաճախորդներ ունեն ու չեն կարող մեր հեռախոսազանգերին պատասխանել: Իհարկե, չէին կարող, քանի որ կոտրվել էին կահույքի սրահի ապակիները, եւ պարզապես հնարավոր չէր այդ կրակոցներից անտեղյակ լինել: Մեզ ոչ մի կերպ չհաջողվեց զրուցել «Նիկո» կահույքի սրահի սեփականատիրոջ հետ:
Իսկ կրակող մյուս կողմը, ինչպես նշեցինք, «Դավիդով»-ի տերերն են: Պարզեցինք, որ «Ավերս» ընկերության սեփականատերերը երեք ընկերներ են` Արթուր Մանվելյանը, Կարո Շահբազյանը, որը ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի` Տամոժնի Գագոյի երեխաների քավորն է, եւ Արսեն Արսենյանը: Մեր հեռախոսազանգին պատասխանեց միայն Կարո Շահբազյանը, որն էլ արտերկրում էր. «Ես հիմա Հայաստանում չեմ` Ավստրիայում եմ, ես տղա չունեմ, երկու աղջիկ ունեմ: Գիտեմ, որ էդտեղ խառը վիճակ ա, երեւի լավ կլինի` վա՛ղը զանգեք, ես էլ խառը-խշտիկ տվյալներ ունեմ, չեմ կարա ոչ մի բան ասեմ, ճիշտը չգիտեմ: Դուք գրասենյակ զանգե՛ք, ընդեղից կիմանաք, բոլորն էլ ընդեղ են»:
Զանգահարեցինք նաեւ «Ավերս» ընկերություն, որտեղ մեր հեռախոսազանգին պատասխանեց «պահակը», ներկայացավ` Մարգո եւ հավաստիացրեց, որ այժմ այնտեղ ոչ ոք չկա. «Ես բանից տեղյակ չեմ»:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ դեպքի վայրից 10 պարկուճ է հայտնաբերվել, իսկ հանգամանքները դեռեւս պարզվում են:
Ի դեպ, դեպքի վայրում է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը` Մխիկը, որը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պատահաբար է հայտնվել այնտեղ, եւ հավանաբար պատահաբար էլ մտնում էր Արաբկիրի ոստիկանություն, որտեղ նախկինում աշխատել է:
Ըստ լուրերի` կրակոցների մասնակից է եղել նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի օգնական Հովհաննես Վարդանյանի` Լիդերի որդին: Սակայն Վարդանյանը, որն այժմ աշխատում է գլխավոր դատախազության անվտանգության վարչության պետի պաշտոնում, մեզ հետ զրույցում ասաց, որ իր որդին առնչություն չունի կրակոցների հետ, այլ ընդամենը մասնակիցների ընկերն է:
Այս պատմության մանրամասները կներկայացնենք մեր թերթի վաղվա համարում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս