Հայկական ինչ ապրանքներ կարելի է արտահանել ռուսական շուկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանի տնտեսության համար լայն հեռանկարներ է բացում. armlur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Հայաստանը կարող է տնտեսական մեծ ծրագրեր իրականացնել Մաքսային միությանն անդամակցությունից հետո»,- վստահ է տնտեսագետը:

Տնտեսագետը հիշեցնում է` որակական առումով միշտ էլ Հայաստանն աչքի է ընկել ավելի լավ պոտենցիալով, քան Ղազախստանը, Բելառուսը, անգամ՝ Ռուսաստանը:

Բոստանջյանի խոսքով` Հայաստանում այսօր  պետք է  բարելավել ներդրումային միջավայրը, որը, մեղմ ասած, լավը չէ և բարենպաստ չէ թե´ հայրենական, թե՛ արտասահմանցի գործարարների ու արտադրողների համար: Իսկ անդամակցելով Մաքսային միությանը` վիճակը կփոխվի:

Վիճակը, Բոստանջյանի խոսքով,  վատ է ոչ միայն ներդրումային դաշտում, այլև վատ է   իրականացվում արտահանման քաղաքականությունը՝ բոլորիս հասկանալի պատճառներով: «Մեր արտահանում ենք միայն հանքարդյունաբերական ապրանքներ, ինչը ցույց է տալիս մեր արտահանման կառուցվածքի ոչ բազմազան լինելը»,- մանրամասնում է տնտեսագետը:

«Հայկական արտադրանքը կարո՞ղ է տեղ գտնել ռուսական հագեցած շուկայում: Եթե այո, ապա ի՞նչ ապրանքատեսակներ կարող են արտահանել հայ գործարարները»,հարցրինք մենք:

Բոստանջյանի կարծիքով` առայժմ դժվար է  կոնկրետ ապրանքատեսակներ մատնանշել, բայց այն, որ, օրինակ, Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքը, որը էկոլոգիապես մաքուր է և մշտապես  հետաքրքրել է արտերկյա սպառողներին, փաստ է:

Ինչ վերաբերում է  հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին, որոնց մասին օրեր առաջ խոսեց նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդը, տնտեսագետի խոսքով` Մաքսային միության անդամակցությունը Հայաստանին կօգնի, որ ֆրանսիացի ներդրողները հայ գործարարների հետ համագործակցեն հավասարը հավասարի նման:

Սոնա Դավթյան




Լրահոս