ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՍՏԱՑՈՒՅՑ
Նախագահական նստավայրի մոտ այսուհետ բողոքի ամենօրյա ակցիաներ են անցկացվելու: Բուզանդի, Արամի, Եկմալյան եւ Սարյան փողոցների խաբված բնակիչները, ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ` մինչեւ ժամը 19:30-ը, նստացույց էին անցկացնում: Երեկ նախագահականի մոտից հեռանալուց առաջ նրանք խոստացան հինգշաբթի կառավարության շենքի մոտ հերթական ակցիայից հետո կրկին վերադառնալ Բաղրամյան 26-ի մոտ: Այս բողոքի ակցիային էին մասնակցում նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպի իրենց հետ եւ խնդիրներին լուծում տա: Երեկ վատացել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը, նա ուշաթափվել է, ինչի արդյունքում ստիպված են եղել շտապբուժօգնություն կանչել:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով  18.01.2012թ.  որպես կասկածյալ  ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս): «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` առաջիկայում այս գործով կլինեն նոր` ավելի բարձրաստիճան  զինվորականների ձերբակալություններ:

ԲԱՐԴԱՆԱԼՈՒ Է          
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այս տարի բարդանալու են ասպիրանտուրա ընդունվելու քննությունները: «Գիտական աստիճանաշնորհման չափանիշերն են դժվարանալու, բարդացվելու են այն չափանիշները, որոնց միջոցով որոշում ենք, թե օրինակ որ ամսագիրը կարող ենք համարել գիտական»,-նշել է նախարարը: Նա նաեւ հայտնել է, որ ասպիրանտուրայի ընդունելության համար անհրաժեշտ «TOEFL»-ի քննությունը կանցկացվի առցանց:

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ

Դերասան Սերգեյ Դանիելյանի գնահատմամբ` քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման բան է, օգտագործեցին, գնաց. «Եթե ես արվեստագետ եմ, համերգ եմ դրել, դա իմ աշխատանքն է, որ անում եմ, բայց եթե այդ համերգն ինչ-որ լոզունգի տակ եմ անում, նշանակում է` որեւէ մեկի ջրաղացին ջուր եմ լցնում: Վաղը կպարզվի, որ էդ մարդը հանցագործ է, եսիմ ինչ է: Հետո ձեզ են հիշելու, ձեր արածը»:

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Ինչպես եւ տեղեկացրել էինք մեր երեկվա համարում, Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում: Նույն օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:




Լրահոս