ՉՈՐՍ ՀՈԳՈՒ ՍՊԱՆՈՂԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էին միանգամից մի քանի աղմկոտ քրեական միջադեպեր` սպանություններ, պաշտոնյայի որդու մասնակցությամբ կռիվներ, որոնք ավարտվել էին հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներով: Միջադեպերից մեկը գրանցվել էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, որտեղ հնչած կրակոցների հետեւանքով մի քանի հոգի մահացել էին:  Սակայն երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ կրակոցների առիթով քրեական գործը կասեցվել է:
ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2008-ի հոկտեմբերի 24-ին` ժամը 20:50-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Սպիտակի կենտրոնական ավտոկայանի տարածքում` Սպանդարյան փողոցում տեղակայված վագոն-տնակում: Դիմակավորված անհայտ անձը հրազենով սպանել էր վագոն-տնակում գտնվող Սպիտակի բնակիչ, 1945-ին ծնված Ստյոպա Դիլբարյանին եւ Վանաձորի բնակիչ, 1963-ին ծնված Կարապետ Միսկարյանին:
Հավելենք, որ այդ տնակում եղած մյուս երեք անձանցից երկուսը` 1958-ին ծնված Վարուժան Մարտիրոսյանը եւ 1970-ին ծնված Նշան Դանիելյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էին: Նրանք եւս Սպիտակի բնակիչներ էին:
Վագոնում եղած հինգերորդ անձը Սպիտակի բնակիչ, 1978-ին ծնված Գարուշ Մարությանն էր, որին հրազենային վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Ըստ ոստիկանության հաղորդագրության` դեպքի վայրից իրավապահներն առգրավել էին «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 6 պարկուճ, 9 միլիմետր տրամաչափի 1 գնդակ եւ ինքնաձիգի 5,45 միլիմետր տրամաչափի 4 գնդակ:
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` սպանված չորս անձինք եւ վիրավորվածը քրեական աշխարհի ներկայացուցիչներ են եղել: Մասնավորապես Վարուժան Մարտիրոսյանը քրեական հեղինակություն էր, որը հայտնի է Աղանիկցի Դավո անունով: Մամուլով հրապարակումներ եղան այն մասին, որ այդ խումբը զբաղվել է գումարների «վազվրատով»:
Որոշ լուրերի համաձայն` այդ օրը վագոն-տնակում նրանք ինչ-որ գումարների վերադարձի համար մարդկանց են սպասելիս եղել, սակայն գումարով այցելուի փոխարեն նրանց է այցելել մարդասպանը: Ի դեպ, ոստիկանության հաղորդագրության մեջ մարդասպանը հիշատակվում է եզակի թվով:
Այս աղմկոտ սպանությանն արձագանքեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը` հայտնելով, որ 2008 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը 20:50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի կենտրոնական ավտոկայանի տարածքում` Սպանդարյան փողոցում, ինքնությունը չպարզված, դիմակավորված անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նույն փողոցում տեղադրված վագոն-տնակում գտնվող, Սպիտակ քաղաքի բնակիչների ուղղությամբ, որոնք մահացել են: Նույն օրը դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերի` սպանություն` երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Գործի նախաքննությունը հանձնարարվել էր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին: Նշանակվել էին դատաբժշկական, դատաձգաբանական, քրեագիտական փորձաքննություններ: Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկվում էին օպերատիվ միջոցառումներ, քննչական գործողություններ` հանցագործությունը բացահայտելու եւ այն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Սակայն երեկ «Ժողովուրդ»-ը ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ քրեական գործի վարույթը կասեցվել է: Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս