«ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ ԱՐՄԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ արդեն 15 տարի ապրում է ԱՄՆ-ում: Իր իսկ խոսքերով ասած`նա չի մոռանում հայրենիքի մասին, բայց եւ չի ուզում վերադառնալ:
-Ի՞նչ գործունեություն եք ծավալում ԱՄՆ-ում:
-Երգարվեստով առանձնապես չեմ զբաղվում, սակայն գործունեությունս կապված է երաժշտության հետ: Ունեմ ջազ ակումբ՝ «NYX» անվամբ: Մեր ակումբի հարգված հյուրերից են եղել Մայքլ Ջեքսոնի մայրը` Քեթրին Ջեքսոնը, Թրեյսի Չեմփեն, Մայքլ Ֆրենքսը, Քոքո Յորքը, Բոնիտա Բրիսքերը… Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում մեր ակումբը բավականին հարգված անուն ունի, ջազ երաժիշտների շրջանում մեծ հեղինակություն է վայելում:
-Տարիներ առաջ ներկայացրիք «Աղա ջան» երաժշտական նախագիծը հայ երգչուհիների մասնակցությամբ: Ինչո՞ւ հետո չեղավ շարունակություն:
-Դրանից հետո եւս երկու նախագիծ եմ արել: Առաջին նախագծում տեղ են գտել Արմեն Տիգրանյանի եւ Ավետիք Իսահակյանի համատեղ գրված բալլադները, իսկ երկրորդում` իմ եւ Էլվինա Մակարյանի դուետ նախագիծը: Վերը նշված նախագծերը պատրաստ են, բայց չգիտեմ, թե երբ դրանք կներկայացնեմ հանրությանը:
-Իրականում այդտեղ ինչպիսի՞ն է հայերի կյանքը:
-Շատ հայեր են ապրում այստեղ, նրանց բոլորի ճակատագրերն էլ տարբեր են: Ես իմ կյանքի տնօրենն եմ եւ փորձում եմ ապրել ազնիվ, լինել լավ հայր իմ զավակներին, հավատարիմ ընտանիքիս, ընկերներիս, արժանի զավակ ծնողներիս եւ հնարավորինս բարձր պահել հայ մարդու անունը, որտեղ էլ որ լինեմ:
-Դո՞ւք էլ Ձեր շատ կոլեգաների պես կարծում եք, որ մեր երկրի տարածքն ու հնարավորությունները շատ քիչ են, որ իրական արվեստագետներն այստեղ խեղդվում ու լճանում են, դրա համար էլ շատերն իրենց ապագան դրսի հետ են կապում:
-Ես չգիտեմ, թե ինչ են մտածում իմ կոլեգաները, բայց եթե այդպես լիներ, ուրեմն չէինք ունենա Սարյան, Սեւակ, Մինաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան: Նրանք խեղդված կլինեին ու չէին տա այն արվեստի կոթողները, որոնցով մենք այսօր հպարտանում ենք, դաստիարակվում ու ճանաչում մեր մշակույթը: Ի վերջո, կարծում եմ, որ իրական արվեստ ստեղծելու համար հարկավոր չէ տարածք:
Լրագրողներին խորհուրդ կտայի, նախքան «լեգենդար», «տաղանդավոր», «աշխարհահռչակ» բառերն օգտագործելը, լավ մտածեին:
-Հետաքրքիր է, ի՞նչն է Ձեզ պահում Ամերիկայում, որքանով ես տեղյակ եմ, Ձեր հարազատների մեծ մասն այստեղ է:
-Ես արդեն 15 տարի է` բնակվում եմ ԱՄՆ-ում եւ շատ շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ ընտրության հնարավորություն է տվել, թե որտեղ ապրեմ: Լավ կլինի` բոլորն էլ ունենան այդ հնարավորությունը: Կայանալու եւ երջանկության ճանապարհը գտնելուն բոլորն են արժանի: Ի վերջո, հայրենասիրության հետ դա բոլորովին կապ չունի: Լինելով հին երեւանցի եւ երկար տարիներ ապրելով դրսում` շատ ավելի օգտակար եմ եղել հայրենիքիս, քան Հայաստանում ապրած տարիներին: Ինչ վերաբերում է հարազատներիս եւ բարեկամներիս, ապա կապը նրանց հետ չի կտրվել:
-Եթե համեմատական տանեք այստեղի եւ այդտեղի մշակութային կյանքի միջեւ, ի՞նչ ակնառու տարբերություններ կտեսնեք, եւ որո՞նք են ԱՄՆ-ի առավելությունները:
-Չեմ ուզում քննադատել հայ մշակույթը, հիմա շատ մոդայիկ է դարձել այդ երեւույթը: Երբեմն քննադատում են այն մարդիկ, որոնք իրենք ունեն մեծ քննադատության կարիք: Համեմատական անգամ չեմ էլ ուզում անցկացնել:
-Ինչպե՞ս են այդտեղ ընդունում հայ երաժիշտներին: Հեշտությա՞մբ են բացվում դռները:
-Ես այստեղ շատ չեմ զբաղվում երաժշտական գործունեությամբ, բայց քաջատեղյակ եմ, որ իմ շատ հայրենակիցներ հասնում են բարձունքների ոչ միայն երաժշտության բնագավառում, այլեւ կինոյի, նկարչության եւ այլ ասպարեզներում:
-Հետեւո՞ւմ եք հայաստանյան իրադարձություններին` թե՛ քաղաքական, թե՛ մշակութային:
-Քաղաքական իրադարձություններին հետեւում եմ:
-Հենց շոու բիզնեսի անդամները պնդում են, որ Հայաստանում շոու բիզնես չկա: Դուք ի՞նչ կասեք:
-Եթե այդպես են կարծում, եթե այդքան ժամանակ էստրադայում երգում են ու գումար չեն վաստակում, ուրեմն թող փոխեն իրենց մասնագիտությունը: Գիտեմ, որ Հայաստան շատ են այցելում  միջազգային երաժիշտներ, նրանք անում են շոու: Հայաստանում հաջողված է նաեւ բիզնեսը, այ դա մտածելու առիթ է տալիս:
-Աշխատանքից բացի, ուրիշ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Հաճախ եմ այցելում Նյու Յորք, որտեղ ապրել եմ 10 տարի, այնտեղ ունեմ շատ ընկերներ, բարեկամներ, այդ քաղաքն ինձ, չգիտես ինչու, հին Երեւանն է հիշեցնում: Ազատ ժամանակս ընտանիքիս հետ եմ անցկացնում, փորձում եմ զավակներիս մեջ սերմանել հայրենասիրություն, քրիստոնեություն, ամրապնդել հայոց,  ռուսաց լեզուները եւ գերագույն հաճույք եմ վայելում, որ այստեղ իմ երեխաները չեն նայում հայկական հեռուստատեսություն, չեն լսում մուղամաթ, փոխարենը կկարդան Թումանյան, կլսեն Կոմիտաս: Վստահ եմ, որ տարիներ հետո նրանք նույն կերպ կվարվեն ապագա սերունդների հետ:   

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս