ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ. ՀՈՂ ԷԻՐ, ՀՈ՛Ղ ԴԱՐՁԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւմտահայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքները, որ մինչ օրս պահվում են արկղիկի մեջ, վերջապես որոշվել է հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում: Սակայն ՀՀ մշակույթի նախարարությունը շատ անսպասելի որոշում է կայացրել, որ բանաստեղծի մասունքները ոչ թե պետք է թաղել, այլ զմռսել պատի մեջ:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` մշակույթի նախարարության նման որոշումը ճի՞շտ է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ շատ կարեւոր է, որ Պետրոս Դուրյանի մասունքները հանգրվան պիտի գտնեն, բավական է ինչ-որ դարակների մեջ մնա այսքան տարի շարունակ, եւ մեղք էր, որ այդպես էր: Ինչքանով է ճիշտ պատի մեջ թաղելը եւ ոչ շիրիմում. սա հարցի մյուս կողմն է. ըստ հայկական ավանդույթի` կարծես թե չունենք պատի մեջ թաղելու ավանդույթ, բայց չմոռանանք, որ Սայաթ-Նովային էլ են թաղել պատի մեջ` Սուրբ Գեւորգ եկեղեցում: Առաջին դեպքը չէ դա, բայց պետք է ավելի խորը նայել հարցին. Պետրոս Դուրյանի մասունքների հուղարկավորությունը թող առիթ դառնա մի այլ կարեւոր բանի. օրինակ` մեր բոլոր Մեծ բացակաների եւ Խոջիվանքի մեր մեծերի` Րաֆֆու, Թումանյանի, Ջիվանու եւ այլնի, պետք չէ, որ նրանց շիրիմները տեղափոխենք, շատ ճիշտ կլիներ, որ Պանթեոնում մենք կառուցեինք Մեծ բացակաների ծառուղի` բոլորի կիսանդրիները լինեին այնտեղ, նրանց մշտական ներկայությունը լիներ այնտեղ` անկախ նրանից` աճյունը գտնվում է այնտեղ, թե չէ, որ հայ երեխան մտնի Պանթեոն, իմանա, որ Միսաք Մեծարենցն էլ է մեր մեծերից, Թումանյանն էլ է մեր մեծերից: Ճիշտ է, իրենք Մեծ բացականեր են, բայց հայ ժողովրդի ճակատագիրն է եղել դա, եւ ճակատագրից փախչել չենք կարող:
Հիմա ինչքանով է ճիշտ` պատի մեջ, թե հողի մեջ, դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ Դուրյանի մասունքները վերջապես հանգիստ առան հայրենիքում:  

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
գրող, հրապարակախոս

ՊԱՏԱՍԽԱՆ.  Եթե ինչ-որ սուրբ վայր է, որեւէ սրբատեղի, կարելի է եւ այդպես: Այդպես էլ կարելի է հավերժացնել հիշատակը, կարելի է նաեւ թաղել Պանթեոնում. երկու տարբերակներն էլ ընդունելի են, եթե պատը պատահական ինչ-որ տեղ գտնվող պատ չլինի, այլ սրբատեղի:

ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ
բանաստեղծ, երգահան

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում` նման որոշում լինի: Հավատալս չի գալիս, որովհետեւ ըստ քրիստոնեական ավանդույթների` մարմնի մասնիկները պետք է հողին հանձնվեն:

ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ
Նկարիչների միության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այսինքն` ո՞նց զմռսել պատի մեջ: Դժվար հարց է. չգիտեմ, կարող ա եւ ճիշտ լինի, կարող ա եւ սխալ լինի. չգիտեմ` որն է ճիշտը:

ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ընդհանրապես կրեմացիայի կողմնակից եմ, որ վառում են, մոխիրը դնում են սափորի մեջ:

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
երգահան
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս