«ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԵՌՎԻՑ ԷԼ ՍԻՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նախ տեսանք «Դժբախտ երջանկություն», ապա «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալներում: Ի դեպ, իր կերպարի` Սոֆայի մասին խոսելիս Ագնեսան նշեց, որ իրենք շատ նման են, ինքն էլ կյանքում ակտիվ մարդ է, էներգիայի անսպառ աղբյուր ունի, որն իրեն  անընդհատ աշխատելու, պրպտելու հնարավորություն է տալիս:
Ագնեսան մասնագիտությամբ դերասանուհի է: Մայրն արձակագիր-դրամատուրգ Նելլի Շահնազարյանն է, նաեւ Սունդուկյան թատրոնի փոխտնօրենը:  
-Կար ժամանակ, երբ Դուք էլ դադարեցիք թատրոնում խաղալ: Ինչո՞ւ:
-Գերհոգնած վիճակ էր մոտս, ինձ հանգստանալ էր պետք: Ես աշխատում էի բազմաթիվ նախագծերի վրա` «Բարի լույս, հայե՛ր», «Բարի գիշեր, հայե՛ր», «Հեռուստախոհանոց», «7.5», ժամանակս էլ չէր ներում: Իսկ մեզ մոտ կա այն հասկացողությունը, որն, ի դեպ, մեր իշխանավորները սիրում են կրկնել. «Ոչ թե հացիվ, այլ բանիվ»: Բայց չէ՞ որ պետք է հացիվ ունենաս, որ կարողանաս աշխատել: Ինձ պետք էր լուծել ֆինանսական խնդիրներ: Ես ստիպված դուրս եկա թատրոնից, որ կարողանամ կարգավորել այդ վիճակը: Հետո նորից մեծ սիրով ու սպասումներով վերադարձա իմ ակունքներին` թատրոն: Հիմա նույնիսկ  ուզում եմ էկրանից բացակայել, որ չհոգնեցնեմ հեռուստադիտողին, որ ժողովուրդը կարոտի:
-Դերասաններից շատերի կարծիքով` սերիալներն արվեստ չեն: Եթե համեմատելու լինեք, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ ու սիրելի:
-Բնականաբար, բեմում ստացած ապրումներն ու բերկրանքը ֆիլմից չես ստանա: Թատրոնում անմիջական շփում է հանդիսատեսի հետ: Այն ամենն, ինչ դու տալիս ես այդ պահին հանդիսատեսին, տեղում էլ ստանում ես պատասխանը: Երբ եղավ առաջարկ հեռուստասերիալում նկարահանվելու, համաձայնեցի, քանի որ դա իմ մասնագիտությունն է, սովորել եմ, որ դառնամ ե՛ւ կինոյի, ե՛ւ թատրոնի դերասանուհի: Դե հիմա գիտեք, մեզ մոտ կինոինդուստրիան այդքան էլ զարգացած չէ, ուստի պետք է համաձայնեի ու գնայի: Ցավալի է, բայց փաստ, որ առաջին անգամ կամերայի հետ աշխատելն ու նկարահանումները եղան սերիալի միջոցով:
-Ասացիք` կինոինդուստրիան այդքան էլ զարգացած չէ, բայց վերջին շրջանում ինչ-որ քայլեր արվում են, ֆիլմեր են նկարահանում: Դուք այդ ֆիլմերում խաղալու առաջարկներ չե՞ք ստացել:
-Առաջարկներ եղել են ոչ այս վերջին ֆիլմերից, այլ դրանցից առաջ: Ուղղակի ես աշխատանքի բերումով մի քիչ շատ եմ բացակայում հանրապետությունից: Չնայած իմ երազանքն է լուրջ ֆիլմերում խաղալը, եւ արդեն խաղացել եմ մի ռուսական ֆիլմում: Մեծ սիրով կնկարահանվեի նաեւ մեր հայկական ֆիլմերում, որովհետեւ մեր ռեժիսորները լավ գործեր անում են:
-Գիտեմ, որ վերջերս ԱՄՆ-ում էիք, հյուրախաղերի՞ էիք գնացել:
-Ներկայացման մեջ խաղալու հրավեր էի ստացել: Հետաքրքիր դերասանական կազմ էր հավաքված` Լեւոն Շարաֆյան, Վիոլետ Գեւորգյան, Չուկո… Հայ համայնքի համար էր, չնայած մեզ դիտելու էր եկել «Յունիվերսալ» ստուդիայի ներկայացուցիչներից մեկը, այդ կինն ուղղակի հիացած էր: Նա հայերեն բոլորովին չէր հասկանում, բայց ներկայացման ավարտից հետո, շատ ոգեւորված, մեզ լավ բաներ էր ասում: Ասաց նաեւ, որ իրենց մոտի դերասանները երբեք այսպիսի պայմաններին չէին համաձայնի, եթե նրանց հատուկ պահանջները բավարարված չլինեին:
-Արվեստի բնագավառի շատ ներկայացուցիչներ պնդում են, որ հայաստանյան հոնորարները շատ փոքր են, եւ իրենց ապրուստի մեծ մասը վաստակում են դրսի հյուրախաղերի շնորհիվ:
-Չեմ ուզում այդ մասին խոսել: Ինքնին տհաճ թեմա է: Բոլորս էլ գիտենք` մեր իրականության մեջ ինչ է կատարվում: Եթե նայեք թատրոնի դերասանի աշխատավարձին, էլ այս տեսակ հարցեր չեն առաջանա:
-Դրսից լավ առաջարկ ստանալու դեպքում հանգիստ կհեռանա՞ք:
-Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, բայց ձեւականորեն չեմ ասի` օ~յ, միայն իմ հայրենիքը: Վերջերս ԱՄՆ-ում հասկացա, որ հայրենիքը կարելի է հեռվից էլ սիրել: Եթե լինի գնալու հնարավորություն, կմտածեմ, իհարկե հետ գալու նպատակով: Ցավալի է, բայց փաստ, երկիրս շատ եմ սիրում:
-Նկարահանումներից ու թատրոնից բացի, ուրիշ ինչո՞վ է զբաղվում Ագնեսան:
-Ագնեսան իր ժամանակը լցնում է ամեն ինչով: Սիրում եմ կարդալ, շատ  զարմանալի բան եմ ասում, բայց սիրում եմ տրվել կենցաղային գործերին, լինել խոհանոցում, ասեղնագործել, կարել: Դրա հետ մեկտեղ սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, միասին ակումբ ենք հաճախում, շատ եմ սիրում պարել, խելագարվում եմ մեքենա վարելու համար, արագության սիրահար եմ:
-Քանի որ վառ ու ակտիվ անձ եք, հնարավոր չէ` բամբասանքներ չլինեն Ձեր մասին: Ճի՞շտ է, որ Ձեր եւ Ռիչարդ Մադլենյանի միջեւ սիրավեպ կա, նույնիսկ խոսում են, որ գաղտնի ամուսնացել եք:
-Մենք ընկերություն անում ենք, բայց դա ամենամաքուր ընկերությունն է, որ կարելի է պատկերացնել: Մեր մեջ ոչ մի սիրային կապ չկա: Ի դեպ, պատահական մարդիկ այնքան են ինձ ասում` ինչո՞ւ չեք ամուսնանում: Մարդիկ չեն հասկանում, որ էկրանից այն կողմ բոլորովին այլ կյանք է:
-Ի՞նչ չունեք այսօր:
-Կանացի երջանկություն, ընտանիք:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս