«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի եկեղեցու բակում տեղի են ունեցել «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ: Այս անգամ էլ մելիքգյուղցիները բացասական եզրակացություն են տվել եւ չեն համաձայնվել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանից. «Մենք չհամաձայնվեցինք, որովհետեւ հանքավայրի պատճառով առանց այն էլ արոտավայր չունենք»: Բացի այդ, գյուղապետից տեղեկացանք, որ նախօրեին շուրջ տասը հոգի գնացել է Մելիքգյուղ եւ ոռոգման խմելու ջրից նմուշառում վերցրել. «Մարզպետարանից չէին, չգիտեմ, թե որտեղից էին: Հավանաբար փորձագետներ էին»: Հիշեցնենք, որ «Մեգո-Գոլդ» ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ փորձում է կառուցել Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարը, սակայն գյուղի բնակիչները դեմ են ընկերության կողմից ներկայացրած նախագծին: Բանն այն է, որ Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով արդեն առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ կան»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: