ՀՀԿ-ն փորձում է արդարացնել գինովցած պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում քվեարկության էր դրվել ՀՀ կառավարության ծրագիրը: Քվեարկության արդյունքում ծրագիրն ընդունվել էր 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քվեարկությունից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե հանրապետական մի քանի պատգամավորներ քվեարկել են մեկը մյուսի փոխարեն: Իսկ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս) և Արայիկ Գրիգորյանը  քվեարկության ժամանակ գտնվում էին ալկոհոլի ազդեցության տակ:

Այս ամենը հաշվի առնելով` այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, թե հանրապետականներն իրենց հույսը դրել էին հարբած պատգամավորների վրա և միայն այդպես միմյանց փոխարեն քվեարկելու շնորհիվ էլ կարողացան անցկացնել կառավարության ծրագիրը:

Ըստ տարածված տեղեկությունների` իր կուսակցի փոխարեն քվեարկողներից մեկն էլ եղել է պատգամավոր Համլետ Հարությունյանը: Ըստ լուրերի` նա քվեարկել է իր կողքը նստող Մանվել Բադեյանի փոխարեն:  Տեղեկությունը ճշտելու նպատակով armlur.am-ը զրուցեց հանրապետական պատգամավորի հետ:

– Պրն Հարությունյան, ինչո՞ւ եք քվեարկել Ձեր կուսակցի փոխարեն: 

– Կողքս նստած էր Մանվել Բադեյանը և կարող եք դուք էլ նայել, որ ինքն է քվեարկել: Կարող եք բացել ցանկը և տեսնել, որ Մանվել Բադեյանը եթե այնտեղ է, ես ինչի՞ պետք է իր փոխարեն քվեարկեի: Այսօր ես կարդացի այդ մասին և մնացի ապշած: Ստուգելը շատ հեշտ է:

Երեկ Ձեր գործընկերներից մի քանիսը խորհրդարանում ոչ սթափ վիճակում էին: Դուք նրանց մոտ այդպիսի բան նկատե՞լ եք:

– Ոչ, ոչ: Ես նստած էի իմ տեղը, ո՞նց պետքա նկատեի: Իմ կողքի մարդիկ բոլորը սթափ էին:

– Արայիկ Գրիգորյանի և Առաքել Մովսիսյանի մոտ որևէ նշաններ չե՞ք նկատել:

– Որևիցէ նշան: Մարդիկ կարողա աշխույժ են եղել: Ես ինչ գիտեմ: Նրանք ինձնից բավականին հեռու էին: Դա դարձել է հայոց հարցը, մարդիկ ուղղակի ուրախ են եղել: Ես նստած եմ եղել, և թե միջանցքներում ինչ է եղել, ես իսկապես չգիտեմ: Արայիկը նստած է եղել իր տեղը, հիմի կարողա մարդիկ մի քիչ աշխույժ են եղել:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես նշեց, որ ոչ սթափ վիճակում գտնվող պատգամավորների չի նկատել: Նման տեսակետ արդեն այսօր արտահայտեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս