Armlur.am-ի հավաստի տեղեկություններով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները մեծ մասը ցանկացել է դիմում գրել, որպեսզի իրենց աշխատավարձից կուտակային կենսաթոշակային վճարների պահումներ չարվեն, սակայն ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանը սպառնացել է նրանց` ասելով, որ դիմում գրողները կազատվեն աշխատանքից:
Տեղեկատվությունը ճշտելու համար զանգահարեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին: Վերջինս նախ ասաց, որ նվագախմբում «սպառնալ» հասկացությունը չկա և չի լինի: «Մեր նվագախմբում տարաձայնություններ չկան: Եթե որոշում ենք կայացնում` կայացնում ենք միահամուռ, եթե չենք կայացնում` չենք կայացնում: Այսքան տարիների ընթացքում աշխատանքից ոչ ոք չի ազատվել ինչ-որ բան անելու կամ չանելու համար»,-մանրամասնեց Թոփչյանը:
-Պրն Թոփչյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ նրանք, ովքեր չեն ցանկանում իրենց աշխատավարձից պահումներ արվեն, պետք է գործատուին դիմում գրեն: Ձեզ մոտ կա՞ն երաժիշտներ, որ դիմում են գրել:
-Մինչև այս պահը որոշակի գումար պահվել է և դա ինչքան գիտեմ բոլոր հիմնարկներում արվել է: Հայաստանում իմ կարծիքով չկա մեկը, որ ուզում է` իր աշխատավարձից գումար պահեն: Մեր նվագախմբում ինչքան ճիշտ եմ հիշում հունվար-փետրվար ամսին մեր տնօրենը հայտարարեց`տեսնենք այս հարցն ինչպես է լուծվելու (նկատի ունի Սահմանադրական դատարանի որոշումը-խմբ.): Ըստ այդմ` կամ պահված գումարը հետ կվերադարձվի կամ կուղարկվի կենսաթոշակային ֆոնդ: Որևէ բողոք կամ խոսակցություն այդ ժամանակ չի եղել մեզ մոտ: Մեր տնօրենը հիմա քաղաքում չէ: Նա կարող է այդ հարցերին լավագույնս պատասխանել: Հիմա ինչ-որ մեկը կարծեմ ասել է, դուք էլ դիմումներ գրեք, թե ինչ, մի երկուսը գրել են:
-Ո՞վ է այդ մի հոգին, որ դիմումներ գրելու հրահանգ է իջեցրել:
-Ես չգիտեմ: Մեկն ասում էր` տնօրենն է ասել: Ես էլ դրա համար ասացի` սպասեք տնօրենը գա, ինքը որոշում կայացնի և կասի` ինչ դիմում է պետք կամ դիմում պետք չէ:
Սոնա Դավթյան