Արծվիկ Մինասյանը կուտակային կենսաթոշակային համակարգի հիմքում կարևորում է տնտեսական արդյունավետության գործոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների համար կարևորում է տնտեսական արդյունավետության ու Սահմանադրությանը բարեփոխման համապատասխանելիությանն խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ցանկացած համակարգ պետք է համապատասխանի Սահմանադրությանը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մարդկանց գրպանից դուրս եկող եկամուտը կուտակվի և վերածվի կոնկրետ ներդրումային ծրագրի, որպեսզի ժամանկավորապես ռեսուրսը հանելը և այն շրջանառության մեջ դնելը արդարացված լինի: Պետք է շատ ավելի մեծ արժեք ստեղծվի»,-ասաց Մինասյանը:

Նրա կարծիքով համակարգը, որը կուտակում է որոշակի ռեսուրսներ, պետք է ծառայի տնտեսության մեջ նոր արժեքի ՝ աշխատատեղի, տեխնոլոգիաների ստեղծման, ավելացված արժեքի, ներքին արդյունքի աճին: Այդ դեպքում կհամարվի, որ համակարգը թույլ է տալիս այսօրվա սերնդին իր խնայողություններն ուղղել տնտեսության զարգացմանը՝ ստեղծելով նոր ակտիվներ: Մինասյանի կարծիքով, եթե դա տեղի չունենա, ցանկացած կուտակում կլինի ինքնանպատակ: Ի վերջո, ակտիվների մեծ մասը պարզապես կարող են հոսել երկրից՝ չբերելով երկրին կայուն զարգացման հնարավորություն:

Նախարարը կարևորեց նաև համակարգի արդյունքների տեսանելիության հաշվարկի ճիշտ կատարումը: «Այս համակարգի առաջին արդյունքները լինելու են 2037թ.-ին: Պետք է դիտարկել, թե այդ ժամանակ կենսաթոշակառուների ո ՞ր հատվածն է օգտվելու այս համակարգից և ո՞ր հատվածն է մնալու պետական բյուջեի հույսին»,-ասաց նա:




Լրահոս