Երբ երկրում օրեցօր նվազում է բնակչության թիվը, իսկ մնացածն էլ դեմոգրաֆիական առումով գնում է դեպի ծերացում, իշխանությունների կողմից առնվազը տրամաբանական պետք է լիներ՝ ամեն կերպ խթանել ծնելիությունը, այլ ոչ թե էժանագին պոպուլիզմով զբաղվել, թե իբր «ամեն ինչ» անում են Հայաստանում ծնելիությունը խթանելու համար` յուրաքանչյուր երեխայի ծնունդի համար սահմանել են համապատասխան ֆինանսական խրախուսանք: Սակայն մեր չինովնիկներն իրենք իրենց չէին գերազանցի, եթե նպաստի առավելագույն չափը սահմանելուն զուգահեռ, չորոշեին նաեւ վճարումը կատարել կիսով չափ, մնացածը ներդնել այլ ֆոնդերում, մինչեւ նորածնի չափահաս դառնալը: Բնական է, որ պետական մասշտաբով օրինականացված այս թալանին պետք է որ հետեւեին ծննդատներում, հատկապես Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ներքին թալանչիական կանոնադրական օրենքներն ու գործելաոճը:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն օրեր առաջ այցելած քաղաքացիները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեցին, որ որոշ ժամանակ առաջ, իրենց հարազատին որովայնի սուր ցավերով շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մալաթիա վարչական շրջանի «Սուրբ Աստվածածին» ծննդատուն:
Ըստ մեր զրուցակիցների` մինչեւ հիվանդանոցում աղմուկ չեն բարձրացրել, համապատասխան բժիշկները չեն մոտեցել եւ չեն արձագանքել խնդրին. «Ժամը 22:00 սահմաններում էր, երբ հասանք հիվանդանոց: Մարդ չկար, կատարյալ դատարկություն էր: Երբ սկսեցինք գոռգոռալ, նոր որոշեցին զանգահարել ու բժշկին կանչել: Դա էլ դեռ քիչ չէ, այս ծննդատունն իսկապես լուրջ թալան է կազմակերպում: Մեր հարազատներից մի այցելության համար 2000 դրամ գումար են պահանջել: Վճարովի պալատի համար 5000 դրամ գումար են ուզում, խնամողի համար էլ առանձին են 5000 դրամ գումար պահանջում: Ում է պետք հիվանդանոցում իրենց փակցված հայտարարությունները, թե բուժանձնակազմի կողմից ավելորդ գումարներ պահանջելու դեպքում դիմեք տնօրինությանը ու հակառակն այդ ամենի գումար են շորթում: Էլ չասենք, թե ինչ սարսափելի եւ ոչ հիգիենիկ վիճակում է գտնվում հիվանդներին տրամադրած անկողինը: Միթե դա մեր վճարած գումարին համարժեք վերաբերմունք է»,-վրդովված ասացին «Ժողովուրդ»-ի զրուցակիցները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծննդատան տնօրեն Ջեննի Հովսեփյանը նշեց, թե գումարները, որոնք իրենք պահանջել են քաղաքացուց սահմանված է օրենքով. «Հիգիենիկ վիճակի մասին ոչինչ չեմ կարող ասել, դա պետք է պարզեմ, թե ինչ է կատարվում: Պետք է նշեմ, որ փակցված ցուցանակում նշված է, որ հատուկ ժամ կա անվճար տեսակցության համար, եթե այդ ժամին չգան ուրեմն պետք է վճարեն»:
Մեր այն հարցին, թե որ ժամին պետք է գան քաղաքացիներն իրենց հարազատներին անվճար տեսակցության, ծննդատան տնօրենը նպատակահարմար չգտավ ասել:
Խնդրի առնչությամբ դիմեցինք Երեւանի քաղաքապետարան, որտեղ պահանջեցին մեր բարձրացրած հարցն ուղարկել գրավոր: Հարցումը սահմանված կարգով ուղարկելուց հետո, սպասում ենք նրանց պատասխանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ